2011թ. հոկտեմբերի 2-ին Այրումում, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի 82-րդ կիլոմետրում տեղի ունեցավ մեծ սողանք, որի հետեւանքով զոհվեց 5 մարդ, մի քանի տասնյակ մեքենաներ ճզմվեցին հողի եւ քարի հսկա զանգվածի տակ: Ճանապարհի վերականգնումը սկսվեց մարտի կեսերին:
Էդուարդ Բեզոյանի ղեկավարած «Ճանապարհ» ՍՊԸ-ն պետական բյուջեի 550 միլիոն դրամով հողի եւ քարի զանգվածի հեռացման, 400 մ ճանապարհի կառուցման ծրագիրը պետք է ավարտեր հուլիսի 15-ին: Սակայն գործարկումն ուշացավ, ճանապարհը երթեւեկի համար պատրաստ էր հուլիսի վերջին, դրա հանդիսավոր բացումը կատարվեց օգոստոսի 15-ին: Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այդ օրն Այրումում դրվատել է ճանապարհի վերականգնումն ուշացրած ճանապարհաշինարարներին , ասելով. «Բոլորը միահամուռ կերպով կարողացան այս խնդիրը հաղթահարել, եւ այսօր ունենք այս ճանապարհը։ Մեկ մարդու նման աշխատել են բոլորը։ Շնորհակալ ենք նաեւ երկրի ղեկավարին, ում անմիջական հսկողության տակ հնարավոր եղավ արագ և որակով իրականացնել այս աշխատանքները»:
Այդ հատվածում ճանապարհի վրա կախված են մեծ ժայռեր, որոնք կարող են ընկնել միջպետական ճանապարհով երթեւեկող մեքենաների վրա: Ճանապարհի վրա դրանց ընկնելը կանխելու համար կառուցվել է մոտ 2 մ խորությամբ, 1 մ լայնությամբ խրամուղի: Սակայն բարձունքից պոկվել- գլորվելու դեպքում թափ առած ժայռի համար նման խորությամբ եւ լայնությամբ խրամուղին չի կարող արգելք լինել: 550 միլիոն դրամը չբավարարե՞ց նաեւ ճանապարհին կախված ժայռերը պայթեցնելու համար: 2011թ.սեպտեմբերի 30-ին,մեծ սողանքից 2 օր առաջ մենք տեղեկացրել ենք նույն հատվածում տեղի ունեցած փոքր փլուզման մասին: Սակայն այն ժամանակ պատկան մարմինները համապատասխան հետեւություններ չարեցին, երթեւեկության համար միջպետական ճանապարհը չփակեցին, որի հետեւանքով եղավ 5 զոհ: Հիմա սողանքի վայրում նրանց հիշատակին կոթող է կառուցվել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ