Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ կորածի մասին լուր հայտնելու համար «միջնորդները» մեծ գումարներ են պահանջում

Օգոստոս 30,2012 21:03

Արցախյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած մարդկանց ընտանիքների անդամներն այսօր ինչ միջոցի ասես, որ չեն դիմում` կորած հարազատից գոնե մեկ լուր ստանալու համար: Այդ առիթն օգտագործելով, մշտապես գտնվում են մարդիկ`ադրբեջանցիներ, ռուսներ, վրացիներ, անգամ հայեր, որոնք մեծ գումարների դիմաց, խոստանում են գերության մեջ գտնվող հարազատից տեղեկություններ, լուսանկարներ ու տեսաերիզ բերել: Սակայն,ինչպես  մասնագետները կամ հենց իրենք` անհայտ կորած մարդկանց հարազատներն են փաստում, այդ ամենը խաբկանք է լինում:

Օգոստոսի 30-ը անհայտ կորածների միջազգային օրն է: Այդ առիթով, այսօր Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակը մեկտեղել էր անհայտ կորածների զավակներին: Չնայած նրան, որ տարեցտարի նվազում է նրանց անհայտ կորած հարազատի ողջ լինելու հավանականությունը, այնուամենայնիվ, այդ ընտանիքները հույսները չեն կորցնում եւ համոզված են, որ իրենց հարազատը մի օր անպայման վերադառնալու է: Միջոցառման նպատակն էր օգնել վառ պահել այն մարդկանց հիշատակը, որոնք դեռեւս անհայտ կորած են: Բացի այդ, ընտանիքների շփումը վիշտը կիսելու եւ միմյանց պատմություններին ծանոթանալու առիթ էր:

Aravot.am-ի հետ զրույցում անհայտ կորածների զավակները կարծիք հայտնեցին, որ այդ թեման հասարակության մեջ «քնած թեմա է» եւ որ մարդիկ հետաքրքրված չեն այդտեսակ պատմություններով: Նրանց խոսքերով, հենց դա էլ պատճառ է դառնում, որպեսզի հարազատների շրջանակից դուրս իրենք չխոսեն իրենց անհայտ կորած հարազատի մասին. «Հուշարձաններ, հուշաքարեր, թանգարաններ, այսօր գրեթե ոչինչ չկա նրանց մասին պատմող, բայց չէ՞ որ նրանք իրենց կյանքն են դրել պատերազմում»,-մեզ հետ զրույցում միմյանց լրացնելով ասում էին անհայտ կորածների զավակները: Ըստ նրանց, հիշատակման օրից օր են հիշում նրանց կորած հարազատների մասին, անհայտ կորածի հարազատներն էլ, տեսնելով հասարակության նման վերաբերմունքը, գերադասում են մեկուսանալ, ինչն, ըստ նրանց, բոլորովին չի օգնում նրանց ընտանիքներին հաղթահարելու տարիներ ի վեր «կրծող» ցավն ու տառապանքը:

Այսօր, հիշատակման օրվա առիթով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ տիկին Պիակսսուն իր ելույթում նշել էր. «Որքան էլ ժամանակ անցած լինի, իշխանությունները պետք է անեն հնարավոր ամեն ինչ լույս սփռելու անհայտ կորածների ճակատագրերի վրա եւ ընտանիքներին փոխանցեն հայտնաբերած ցանկացած տեղեկություն»:

Նշենք, որ ԿԽՄԿ-ն շուտով կսկսի հավաքել կենսաբանական նմուշներ ընտանիքներից, ինչը կօգնի արտաշիրիմումն իրականացնելուց հետո աճյունների ինքնությունը պարզելու գործընթացին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031