Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Գեւորգյանին նախկին ամուսնու մորաքույրները գումար են առաջարկել, որ հայցից հրաժարվի

Օգոստոս 30,2012 20:47

Այսօր Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Մարիամ Գեւորգյանի հայցն ընդդեմ Հայկանուշ Միքայելյանի դատավարության հերթական նիստը: Երկուսուկես ժամ տեւած դատական քննությունը դռնփակ էր ընթանում, իսկ դատարանի դիմաց` Մարիամ Գեւորգյանի ընտանիքի հետ հավաքվել էին  համագյուղացիներ, պաստառներով զինված «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները, մյուս կողմում էլ պատասխանող Հայկանուշ Միքայելյանի ազգականները: Ի տարբերություն նախորդ դատական նիստերի, որոնց ընթացքում բակում հավաքվածները փոխադարձ վիրավորանքներ էին հնչեցնում միմյանց հասցեին, այս անգամ ամեն ինչ խաղաղ ընթացավ:

Մարիամ Գեւորգյանի համագյուղացիներն «Առավոտին» պատմեցին, որ չնայած ամառվա սեզոն է, եւ գյուղատնտեսական աշխատանքների եռուն ժամանակն է, բայց իրենք ամեն ինչ թողել եւ եկել են`արդար դատավարության ակնկալիքով ու Հայկանուշ Միքայելյանին պատժելու պահանջով: Տիկին Օվսաննայի խոսքերով. «Մենք Մարիամիկի կողքին ենք, ախր, երբ երեխան եկավ, մի քանի օրից նոր-նոր կարողացավ խոսել, սիրտներս կտոր-կտոր էր լինում, ամբողջ մարմինը գրտնակ-պատառաքաղի հետքերով էր պատված, հայացքն էլ  քարացած, վախեցած ու անկենդան էր: Ամբողջ գյուղով ապշած էինք, թե ոնց կարելի էր էդպես անմարդկային դաժանությամբ վերաբերվել: Ամո’թ դրան, թե’ որպես կին, եւ թե’ որպես մայր: Փաստորեն, սա երկրորդ դեպքն է, Մարիամն առաջին կնոջ նման չպետք է լռի, չպետք է ներենք, եթե ներենք, երրորդ, չորրորդ դեպքը կլինի»:

Հայկանուշ  Միքայելյանի մոտ ազգականները միաբերան պնդում էին, որ նա «արտակարգ կին է»,  որ իրենք չեն հավատում, թե Մարիամի վիճակն իրոք այդքան ծանր է եղել, նրանց համոզմամբ, դատական հայցը նպատակ ունի  գումարներ պոկել Հայկանուշից. «Փող են էլի ուզում աշխատել, եթե ուզածն արդար դատ է, ինչո՞ւ է 17 միլիոն դրամ պահանջում: Զրպարտում են փող աշխատելու համար»: Հայկանուշի քրոջ խոսքերով էլ. «Էդ նկարները, որ պլակատների վրա կա, տեսե՞լ եք դրա «փռչոտ» մեջքը, ամո՞թ չեն անում, գոնե թաքցնեն, ո՞ր տղամարդը կուզեր դրա նման կնկա հետ ապրել, ամոթ է, ամոթ»:

Ի դեպ, ավելի վաղ Մարիամ Գեւորգյանի փաստաբան Նոնա Գալստյանն «Առավոտին» բացատրեց, թե ինչու կոնկրետ 17 միլիոն 350 հազար դրամ են պահանջել. «Հանցագործությունից տուժած ցանկացած անձ կարող է իրեն պատճառած վնասի փոխհատուցում պահանջել, դա կարող է լինել ինչպես նյութական, այնպես էլ բարոյական վնաս: Մարիամի հոգեկան տառապանքներն անգամ, եթե անտեսելու լինենք, նրան գումար է պետք, որ իր մարմնական վնասվածքները վերացնի, Մարիամին քթի, ականջների, կրծքի պլաստիկ վիրահատություն է պետք, արդուկի, սպիների հետքերը պետք է մաքրվեն, չհաշված առողջարանային բուժումը, հոգեբանական աջակցություն եւ այլ խնդիրներ: Պատասխանող կողմը չի ընկալում դրա կարեւորությունը, որովհետեւ Հայաստանում բարոյական վնասի փոխհատուցնման ինստիտուտը չկա»:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները, որոնք բոլոր դատական նիստերին ներկա են եղել, ասում էին, որ այժմ Մարիամի թե’ արտաքինը, թե’ հոգեկան վիճակը ավելի լավ վիճակում է: Իրենք էլ բոլոր դատերի ժամանակ դատարանի առաջ են, որպեսզի այդ դեպքի շուրջ բարձրացած աղմուկի շնորհիվ ավելի քչանան ընտանեկան բռնության դեպքերը:

Մարիամ Գեւորգյանը «Առավոտին» պատմեց, որ նախկին ամուսնու մորաքույրներն են եկել իրենց տուն, փող են առաջարկել, որ հայցից հրաժարվի. «Եթե մեղավոր չեն, ինչո՞ւ էին գումար առաջարկում: Հիմա էլ դատարանի միջանցքում նախկին ամուսնուս կողմից են սպառնալիքներ հնչել, թե` դատից հետո կտեսնես ինչ կլինի, դեռ պատասխան եք տալու»: Մարիամի հայրն էլ ավելացրեց, որ իրենք, ի տրաբերություն Հայկանուշ Միքայելյանի առաջին հարսի, չեն լռելու եւ մինչեւ վերջ գնալու են:

Հերթական դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին:

Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031