Քիչ առաջ Ախթալայից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ կրակոցներ են հնչել Ախթալայում: Դեռևս ճշտվող տեղեկությունների համաձայն` կրակոցների արդյունքում վնասվել են Վազգեն Խաչիկյանի տունը և ավտոմեքենան:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ըստ տեղեկությունների` մի խումբ անձինք այսօր մտել են Վազգեն Խաչիկյանի հայրական տուն, կոտրել են տան գույքը, որից հետո վնասել են Խաչիկյանի եղբոր` Ախթալայի քաղաքապետի ավտոմեքենան, ինչից հետո հեռացել են:
Խաչիկյաններն այդ ամենում կասկածել են մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի թիկնապահներին, և իրենք էլ իրենց հերթին հարձակվել են նրանց վրա: Այս պահին որոշ անձանց ինքնությունը ոստիկանությունն արդեն պարզել է:
Դեռևս չճշտված տեղեկություններ կան, որ հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում վիրավորվել է նաև Վ.Խաչիկյանը:
Ըստ Շամշյանի` իր ունեցած տեղեկություններով հարձակման թիրախը եղել է Վազգեն Խաչիկյանի կրտսեր եղբայրը` Ախթալայի գործող քաղաքապետ, առաջիկա ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար թեկնածությունն առաջադրած Հայկազ Խաչիկյանը, քանի որ կրակել են նրա ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում մեքենայի` «Մերսեդես»-ի դիմապակին փշրվել է: Նախնական տեղեկություններով, կրակողը եղել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանը, մականունը` Բոդոլ:
Ըստ Shamshyan.com-ի