Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր Վարդան Ղուկասյանի որդին մենամարտում ավագանու թեկնածուի հետ

Օգոստոս 30,2012 19:34

Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն` քաղաքապետ Վարդան Ղուկասյանի  եղբորը` Գևորգ Ղուկասյանին պատկանող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց օրեր առաջ հնչած կրակոցների պատճառն այն է, որ  քաղաքապետի որդին` Սպարտակը,  որոշել էր, այսպես ասած, խելքի բերել իր հին ընկերոջը` ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանին:

Բանն այն է, որ  վերջինս, լինելով Սպարտակի մտերիմը, երկաթգծի Նորավան  թաղամասում իր թեկնածությունն էր առաջադրել Սամվել Բալասանյանի  կողմից պաշտպանվող «Աշխատանք եւ արժանապատվություն» նախաձեռնության խմբով: Գյումրեցիների բնութագրելով` նա ևս թաղային հեղինակություն է: Այս երիտասարդը, ի տարբերություն շատ և շատ ավագանու թեկնածուների,    նախընտրական շտաբ է բացել, պատին Սամվել Բալասանյանի մեծ նկարն է փակցրել (տես լուսանկարում ),  թաղի տղաներին էլ հորդորել  է աշխատել պարոն Բալասանյանի օգտին: Այս փաստը անչափ զայրացրել է Սպարտակ Ղուկասյանին, ով իր շրջապատի հետ հայտնվելով Էդգար Մկրտչյանի նախընտրական շտաբի դիմաց` նրանից  բացատրություն  է  պահանջել `հարցնելով`  ինչո ՞ւ միացար Բալասանյանին, քեզ դա ի ՞ նչ օգուտ կտա: Էդգար Մկրտչյանը սկզբում փորձել է բացատրել, որ ինքը ամենևին էլ  չի դավաճանել Ղուկասյաններին, քանի որ Վարդան Ղուկասյանը չի առաջադրել իր թեկնածությունը, հետևաբար և ինքը սխալ քայլ չի կատարել`  սատարելով Բալասանյանին: Սպարտակը շարունակել է վիճաբանությունը `մեկ անգամ ևս  պնդելով պատասխանել  այն հարցին, թե ի՞նչ կտա իրեն Բալասանյանը: «Ասենք թե Գծի հետևի թաղի մառշուտկի գիծը, հետո՞», -այսպիսի սպառիչ պատասխան է տվել ավագանու թեկնածուն, որն էլ այնպես է հունից հանել Սպարտակին, որ սկսվել է ծեծկռտոց նրա ու էդգար Մկրտչյանի շրջապատի միջև: «Բալասանյանն ո՞վ է, որ գիծ տա, էս քաղաքում բոլոր գծերն էլ տեր ունեն», – գոռացել է Սպարտակը ու  վիճաբանությունը թեժացրել:

Այս միջադեպը, ըստ մեր տեղեկությունների, ընդհատվել է ոստիկանների միջամտությամբ, սակայն շարունակությունը տեղափոխվել է Գյումրու կենտրոն` Սայաթ-Նովա և Ռուսթավելի փողոցների խաչմերուկ: Այս անգամ  Սպարտակը զայրացել է ու ռազբորկա է սկսել ավագանու թեկնածուի հետ «ինչո՞ւ վրեքս միլիցիա բերիք» թեմայով: Ավագանու թեկնածուն, ևս լինելով թաղային հեղինակություն, որի սկզբունքներին եւս դեմ է ոստիկանությանը դիմելը, գործ տվողի անունը պատիվ չի բերում, սկզբում արդարացել է, որ «միլիցեքին» ոչ թե ինքն է հրավիրել, այլ թաղի մարդիկ, սակայն սա քաղաքապետի որդուն ընդհանրապես չի հետաքրքրել: Այստեղ էլ երկուսի շրջապատի միջև սկսվել է ծեծկռտոց, հնչել են սեռական բնույթի  հայհոյանքներ, ինչն էլ ի վերջո ավարտվել են կրակոցներով:

Նախաքննական մարմինը ևս  հաստատում է, որ Սպարտակ Ղուկասյանի ու  Էդգար Մկրտչյանի կողմնակիցների միջև ծագած վիճաբանության դրդապատճառը եղել է ավագանու այս թեկնածուի կողմից  Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանելը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031