Հարգելի պարոն Հակոբյան, մեծ ցավով կարդացի Ազգային անվտանգության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանի մեկնաբանությունը Զվարթնոց օդանավակայանում Հայաստան մուտք գործելու թույլտվություն չստացած ընտանիքին՝ մանկահասակ երեխանների հետ միասին, Թուրքիա վերդարաձնելու մասին: Պարոն Բաղրամյանը նշում է, որ ընտանիքը իրականում ազգությամբ ասորի է և փորձել են Հայաստան մուտք գործել առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության:
Եթե Սիրիայում պատերազմական դրություն չլիներ, հնարավոր է այս փաստարկները որոշակի չափով ընդունելի լիներ: Սակայն Հայաստանը այդ ընտանիքին հետ է ուղարկել Թուրքիա, այնտեղից էլ հնարավոր պատերազմի գոտի՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքը:
Պարոն Հակոբյան, մենք, որպես Ցեղասպանություն ապրած ժողովուրդ, մեծ պատասխանատվություն ենք կրում մարդկության առաջ նրա համար, որպեսզի մարդկանց կյանքը վտանգի չենթարկվի, քանի որ ժամանակին մեր ազգին ենթարկել են նման վտանգի ու Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին առանց նախապայմանների մի շարք երկրներում ընդունել են:
Ժամանակին Ֆրիտյոֆ Նանսենը պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր: Համոզված եմ, որ նա երբեք չի մտածել, արդյո՞ք հայերը ներկայացնում են այն երկրի ժողովուրդը, որից հետագայում անձնագիր են ստանալու: Նաև համոզված եմ, որ մեր ժողովրդի ներկայացուցիչներին ընդունող երկրներում չեն մտածել, թե արդյոք մազապուրծ հայ ժողովրդի ներկայացուցիչները ուզում են տեղափոխվել երրորդ երկիր, թե՝ ոչ:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով վերը նշվածը, խնդրում եմ՝ պետական մակարդակով այդ ընտանիքին օգնություն տրամադրել կամ Հայաստան վերադառնալու կամ իրենց ապագա կյանքը անվտանգ տեղ շարունակելու համար:
Շնորհակալություն
Հարգանքներով՝
Արմեն Գրիգորյան
«Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ