ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է եղել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների տնօրենների օգոստոսյան եզրափակիչ խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են մայրաքաղաքի դպրոցներում նոր ուսումնական տարվա նախապատրասատական աշխատանքների հետ կապված հարցեր: Խորհրադակցությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմանյանը նշել է, որ մայրաղաղաքի դպրոցների ուսուցիչների 20 տոկոսը մասնակցել է ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրականացվող մանկավարժների վերապատրաստման դասընթացներին: Վերապատրաստում անցած 1040 ուսուցիչներից 974-ը ատեստվորվել են, մնացածը փաստաթղթերի թերի լինելու պատճառով ատեստավորում չեն անցել, իսկ 2 ուսուցիչ ստացել է տարակարգ:
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկը և շնորհակալություն հայտնել մայրաքաղաքի մանկավարժներին նախորդ տարվա աշխատանքի համար: Իր խոսքում ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է, որ անցյալ տարի ներդրված “Շախմատ” առարկան դարձել է Հայաստանի կրթական համակարգի խորհրդանիշը. “Աշխարհի շատ հզորագույն պետություններ նման կարևոր քայլի գնալը ռիսկային են համարում, բայց մենք այդ համարձակ քայլը կարողացանք հաջողությամբ իրականացնել: “Շախմատի” ներմուծումը դեռևս փորձարկման փուլում է գտնվում, այս տարի շախմատի դասավանդումը կազմակերպվելու է 2-րդ և 3-րդ դասարաններում և պահանջվում է առավելագույն հետևողականություն”,- նշել է Արմեն Աշոտյանը և կարևորել, որ շախմատի դասավանդման համար անհրաժեշտ գույքի պահանջարկը սեղմ ժամկետներում ներկայացվի ՀՀ ԿԳՆ: Նախարարը շեշտել է նաև սիրիահայ երեխաների կրթության համար անհրաժեշտ կարիքների ապահովումը և նշել. “Մենք պարտավոր ենք սիրիահայ երեխաներին ընդունել ցանկացած դպրոցում և նրանց կրթության համար ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ սկսած լեզվական խոչընդոտների հաղթահարումից մինչև կրթական ծրագրերի տարբերությամբ պայմանավորված լրացուցիչ անվճար պարապմունքների կազմակերպումը”:
Անդրադառնալով դասագրքերի բաշխման հարցին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դպրոցներում սահմանվի վարձավճարների հավաքագրման սահուն մեխանիզմ, որպեսզի այդ հարցը ծնողի համար սոցիալական բեռ չդառնա: Նշելով, որ Երևանը անցյալ տարվանից ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության համանախագահությունը և Երևանը հռչակվել է եվրոպական կրթության մայրաքաղաք՝ նախարարը առաջարկել է Երևանի քաղաքապետին համագործակցության հուշագիր վավերացնել՝ 2015-ին նախատեսվող Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները համատեղ իրականացնելու նպատակով: Խորհրադակցության ընթացքում քննարկվել է նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական և ԿԳՆ-ի ենթակայության ավագ դպրոցների միջև գույքի փոխանակում կազմակերպելու հարցը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ առաջիկա ձմռանը Երևանի բոլոր հիմնական և ավագ դպրոցները կապահովվեն ջեռուցմամբ:
ՀՀ ԿԳ նախարարն ու Երևանի քաղաքապետը պատասխանել են նաև դպրոցների տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են կրթական ծրագրերին, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը և այլ խնդիրների: Պարզաբանելով տնօրեններից մեկի մտահոգությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ տնօրենները 65 տարին լրանալուց հետո, սահմանված կարգի համաձայան, պետք է ազատվեն զբաղեցրած պաշտնից: “Օրենքով և կառավարության որոշմամբ սահմանված այս դրույթները չեն վերանայվելու: Ես շատ բարձր եմ գնահատում բոլոր փորձառու տնօրենների վաստակն ու ներդրումը, բայց մենք պարտավոր ենք ապահովել կրթական համակարգի առողջ սերնդափոխությունը”,-նշել է նախարարը: Ի պատասխան տնօրեններից մեկի հարցի՝ Երևանի քաղաապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս տարի նույնպես մայրաքաղաքի բոլոր դպրոցներում դասերը կսկսվեն 8:30-ին: