Օգոստոսի 29-ի ժամը 18-ին ավարտվեց Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի 380 համայնքներում սեպտեմբերի 9-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու ժամկետը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս ոչ բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից է ստացել վերջնական տվյալները: Օգոստոսի 30-ի կեսօրի դրությամբ ԿԸՀ-ում առկա տվյալների համաձայն, 5 մարզերում համայնքների ղեկավարի պաշտոններում նախապես առաջադրված 950 թեկնածուներից ինքնաբացարկ են հայտնել 218-ը, ավագանու անդամների 4251 թեկնածուներից` 166-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում, Արմավիրի 97 համայնքներից 93-ում, Լոռու 113 համայնքներից 96-ում, Շիրակի 119 համայնքներից 113-ում, Սյունիքի 109 համայնքներից 94-ում:
Այդ թվում համայնքի ղեկավարի ընտրություններ են նախատեսված տվյալ մարզերի 18 քաղաքային համայնքներում: Մասնավորապես` քաղաքապետ են ընտրելու Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ և Դաստակերտ, Արարատի մարզի Վեդի և Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր և Էջմիածին, Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Ախթալա, Թումանյան և Շամլուղ համայնքներում:
Կարդացեք նաև
«Փաստինֆո»