ՆՓԱԿ-ի հիմնադիր Էդուարդ Բալասանյանը Aravot.am-ի հետ խոսելով Կասկադում տեղադրված թմբլիկ կնոջ քանդակի եւ ընդհանրապես Բոտերոյի արվեստի մասին՝ նշեց. «Բոտերոն սքանչելի արտիստ է: Տարիներ առաջ, երբ Հայաստանն էինք ներկայացնում Վենետիկի բիենալեում, ամենուր Բոտերոյի քանդակներն էին՝ մարդ, կենդանի, բոլորը յուրահատուկ ոճով: Շատ լավ է, որ Հայաստանում այդ որակի արվեստ է ցուցադրվում: Ես ադ քանդակը մոտիկից չեմ նայել, նկարներն եմ տեսել, բայց գիտեմ, որ դա Բոտերոյի հայտնի գործերից է: Ողջունելի է, որ պարոն Գաֆեսճեանը այն բերել-դրել է Հայաստանում: Գուցե քանդակը կամ մեկ այլ գործ հասարակության որոշ խավի զգացմունքներին է կպնում, բայց դա չի կարող արվեստի գործը ցենզուրայի ենթակելու առիթ տալ: Դա ընդունելի երեւույթ չէ հատկապես Հայաստանում, որտեղ գործում է նաեւ ՆՓԱԿ-ը: Ես ամենուր, արտասահմանում եւս, միշտ շեշտել եմ, որ չնայած ՆՓԱԿ-ն էլ երբեմն «չափն անցնում» է, բայց որեւէ մեկը չի սանձում մեզ: Նշանակում է՝ Հայաստանում գոնե ժամանակակից արվեստի հանդեպ կա հանդուրժողականություն, իհարկե՝ մեզ շատ են քննադատել, բայց ժողովրդավարության գեղեցկությունը հենց դրա մեջ է»:
Կարդացեք նաև
«Կուկ» ցուցասրահի տնօրեն եւ նկարիչ Վահրամ Հարությունյանը (Կուկ) Բոտերոյի արձանը հրաշալի նվեր է համարում Հայաստանին: «Նման որակի արձան նայելու համար պետք է գնալ- հասնել Նյու Յորք, Լոնդոն, չգիտեմ ուր: Ի դեպ, այն շատ լավ էլ տեղադրված է, ի տարբերություն ֆրանսիացիների նվիրած Ռոդենի արձանի: Եթե ես որպես նկարիչ այն չեմ տեսնում, հասարակ ժողովուրդն ինչպե՞ս տեսնի ու դաստիարակվի, մինչդեռ արձանը պիտի նկատեն, շփվեն, կոքին նկարվեն: Եթե որեւէ արձան տեղադրելուց առաջ եւ հետո ասում են՝ վատն է, ուրեմն իսկապես շատ լավն է: Օրինակ, երբ Ռոդենը ժամանակին Բալզակ էր քանդակում, ակադեմիայի ուսանողներին սովորեցնում էին՝ գնացե՛ք ջարդեք, եւ իսկապես վնասեցին: Լավ էր, որ ֆորման մնացել էր եւ նորը ձուլեցին: Հիմա ողջ Ֆրանսիան հիացած է Ռոդենի Բալզակով: Մի օրինակ էլ բերեմ. մարշալ Բաղրամյանի արձանը ոչ ոք չի տեսնում, թեեւ ռեալ շատ շնորհքով արված գործ է, իսկ Բաբաջանյանինը ժամանակին հայհոյում էին, բայց հիմա հետը նկարվում են»:
Բանաստեղծ Վահե Արսենին Բոտերոյի քանդակը հակասական է թվում, նույնիսկ կարծում է, թե տեխնիկայի առումով այն թերություններ ունի: Մյուս կողմից էլ, բանաստեղծի խոսքով, այն հետաքրքիր է. «Դա հավանաբար 20-րդ դարի կնոջ կերպարն է, որը ոչինչ չի ուզում անել, փորձում է բարձունքից զմայլվել կյանքով ու իրականում գործնական կյանքից դուրս է: Քանդակի մարմնի ձեւերն այնպիսին են, որ ինքը ոչ թե գեր է, այլ, կներեք արտահատությանս, ասես խոզի նման չաղ է, էրոտիկա, սեքս էլ չկա: Կյանքի հաճույքներին փոխարինում են ուրիշ բաներ, օրինակ՝ սիգարետը, միտքն էլ չի փայլում էդ կնոջ, բայց մեկ է՝ հետաքրքիր է»:
Վահեն տպավորված է Բոտերոյի Այծքաղերով ու հատկապես Կատվով. «Կատուն լավն է, ալեգորիկ կերպար է, իսկ թմբլիկ կնոջ արձանը ինձ առանձնապես դուր չեկավ, թեեւ միտք է շարժում: Ամեն դեպքում մեզ պետք են իրարամերժ ու հակասական արձաններ, թե չէ՝ դասական ոճի արձաններով եթե քաղաքը խեղդենք, տխուր կլինի…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ