Այսօր Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Աշոտյանի հրամանը վիճարկելու մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց. «Հասկանալի էր այն դիմադրությունը, թե ինչու մեզ նախարարությունից չէին տալիս մեր պահանջած փաստաթղթերը: Իրոք, արժեր, որ դրանք մեզ չտրամադրեին: Դա 2009-ից գործուղումների հետ է կապված: Այդ ընթացքում 3 նախարար է եղել: Սկզբից` Սպարտակ Սեյրանյանը, հետո` կարճ ժամկետով պաշտոնավարել է փոխնախարար Արա Ավետիսյանը, հետո նշանակվել է պարոն Աշոտյանը: Կարող եք համոզվել, որ նախարարն ուղղակի ի գիտություն էր ընդունում իմ նամակները, որտեղ գրում էի, որ ես մեկնում եմ, անգամ որեւէ պատասխան չի եղել: Մոտ 1.5 տարի պարոն Աշոտյանը հետեւել է այդ պրակտիկային: Մի քանի տարի նման ձեւով աշխատելով` ես չգիտեմ ինչ էր կատարվել պարոն Աշոտյանի հետ, որոշեց հրամաններ արձակել: Եվ ի՞նչ հրամաններ` այնտեղ նշվում է կառավարության որոշման դ կետը, որը ընդամենը նախարարության կանոնադրությունն է , որը ընդամենն ասում է, որ նախարարն իրավունք ունի հրամաններ արձակելու` իր իրավասության շրջանակներում: Բայց նա սկսեց բոլորովին իրեն չվերաբերվող գործունեությամբ զբաղվել, որի համար ինքը ոչ մի ձեւով լիազորված չէ»:
Սուրեն Զոլյանի մեկնաբանությամբ, պարզ երեւում է, որ որեւէ նախադեպ չի եղել, որ նախարարի հրամանով ռեկտորները գնան գործուղման: Ինչ վերաբերում է դատավարության ընթացքում նախարարության ներկայացուցիչների ներկայացրած հիմնավորումներին, Զոլյանի խոսքերով` նախարարության իրավաբանության վարչության պետ պարոն Բավեյանն ինքն անձամբ է եղել նաեւ բուհում ստուգումներ անցկացնողը. «Դուք տեսաք իրենց մակարդակը, ինչքան հաստափոր թղթեր բերեցին, բայց որեւէ բան, բացի Xerox աշխատացնելուց, ինչպես հասկացա՝ չներկայացրին: Դա պարզ երեւաց պատասխաններից: Փաստորեն այսօր պարզ երեւում է, թե ինչ հակաօրինական կարգով են ստեղծվել այդ հրամանները: Պարզապես գրված է` օրենքի խախտում: Մոտավորապես այն խարդախությամբ, ինչ պարոն Աշոտյանի կողմից: Կարծում էր` իրեն տվել են իրավունք հրամաններ արձակել, ինքը մտածում էր` ցանկացած բանի մասին կարող է հրաման արձակել»:
Հարցին` ո՞րն է բողոքարկման Ձեր նպատակը` իրավունքները վերականգնե՞լ, թե՞ պարզապես ապացուցել անօրինականությունը` նա պատասխանեց. «Մեկը մյուսի հետ կապված է: Եթե ինձ համար պաշտոնը պահելը կարեւոր լիներ, բնական է, պաշտոնը պահելու համար բոլորովին այլ միջոցներ են պետք: Ես նախեւառաջ ուզում եմ, որպեսզի անպատիժ չմնան այնպիսի հանցանքներ, ինչպես որ կատարվել են մեր վարչական որոշ պաշտոնյաների կողմից: Այս մի կոնկրետ օրինակի վրա ես ուզում եմ, որ պատժեն մեղավորներին: Այն մարդկանց, որոնք ցինիկ ձեւով գալիս ու իրականացնում էին ստուգումները, նրանց համար այսօր պատիժ է դատարան գալը»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը ճշտեց` եթե դատարանում պարզվի, որ այդ հրամաններն անօրինական են եղել եւ Ձեր նախկին աշխատանքը կարող են վերականգնել, չե՞ք վերադառնա ռեկտորի պաշտոնին` նա պատասխանեց. «Դա արդեն իմ գործն է, բայց գլխավորը ոչ թե իմ աշխատանքն է, այլ` համակարգի բարելավումը, որպեսզի չինովնիկն իրեն թույլ չտա անել ամեն ինչ` ասելով` ես գործում եմ օրենքի սահմաններում: Վախենում են մի օրենք ցույց տալ, որովհետեւ կարող է պարզվի, որ դա բոլորովին այլ օրենքի մասին է խոսքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ