Լրահոս
Օրվա լրահոսը

Մուտքի վիզա չստացած սիրիահայ ընտանիքը լքել է Հայաստանը

Օգոստոս 30,2012 16:26

Սիրիահայերը շարունակում են ժամանել «Զվարթնոց» օդանավակայան, արխիվ

Հինգշաբթի վաղ առավոտյան ութ հոգուց բաղկացած սիրիահայ ընտանիքը մանկահասակ երեխաների հետ լքել է Հայաստանի տարածքը եւ արդեն իսկ ապաստան ստացել Ստամբուլում: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ընտանիքի բարեկամուհին:

Սիրիահայ Ժան Հենդյանի ընտանիքը` կինը, երկու աղջիկները եւ վերջիններիս հինգ մանկահասակ երեխաները, փախչելով Սիրիայում ընթացող արյունալի պատերազմական գործողություններից, երեք օր շարունակ մնացին «Զվարթնոց» օդակայանի չեզոք գոտում:

Հայաստանի ոստիկանությունը այս ընտանիքին մուտքի արտոնագիր չհատկացրեց` ազգությամբ հայ լինելու հանգամանքը հաստատող որեւէ փաստաթուղթ չներկայացնելու պատճառաբանությամբ: Մինչդեռ սիրիահայ այս ընտանիքի բարեկամները պնդում են, որ Ժան Հենդյանի ընտանիքը ներկայացրել է բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ իրենք հայ են, Հենդյանի կինն է, որ ազգությամբ արաբ է, իսկ նրա աղջիկները հայեր են, Հենդյանի երկու որդիները` Հակոբն ու Հարութը սովորում եւ ապրում եմ Հայաստանում:

Գերմանիայում բնակվող Հենդյանի մյուս որդու` Մեսրոպի կինը` Եվա Պողոսյանը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վրդովված ասում էր, որ հայրենիքը հրաժարվեց սիրիահայ ընտանիքին ընդունել, մինչդեռ Թուրքիան այսօր նրանց առանց որեւէ խնդրի թույլ է տվել օդակայանից դուրս գալ, եւ ընտանիքն արդեն Ստամբուլի հյուրանոցներից մեկում է:

«Սա ուղղակի անմարդկային արարք էր, որը նրանք արեցին… ո՞նց կարելի է պատերազմի փախած կանանց եւ հինգ երեխաներին ետ ուղարկել ու ասել` գնա քո երկիր, ստացի վիզա», – ասաց Եվան:

Եվան պատմեց, որ մի քանի շաբաթ առաջ Սիրիայի Հասակյա քաղաքում, որտեղ բնակվում է ընտանիքը, ապստամբները առեւանգել են Ժան Հենդյանի դուստերից մեկի որդուն՝ Ժակին, բակում խաղալու ժամանակ: Ընտանիքը 100 հազար դոլարի փրկագին է վճարել 8-ամյա տղայի կյանքը փրկելու համար: Երեք օր ապստամբների ձեռքում պատանդ մնալուց հետո, 8-ամյա այդ երեխան երեք օր էլ մնաց «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում:

«Երեխան ասում էր իր մամային ու պապային` եկեք գնանք Հայաստան, էնտեղ չկան սենց մարդիկ, էնտեղ չկան բոմբեր… Հայաստանը իրենց երեք օր սոված-ծարավ պահեց օդակայանում` օդորակիչների տակ, հատակին քնացրեց ու հետ ուղարկեց Ստամբուլ», – ասում էր Եվան:

Ռուզաննա Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031