Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականից ընտրակաշառք վերցրած վկան վստահեցնում է, որ ԲՀԿ-ից 10.000 դրամ օգնություն է ստացել` սննդի համար

Օգոստոս 30,2012 16:23

Այսօր ԲՀԿ անդամ Արմեն Մաթեւոսյանը, ինչպես տեղեկացրել ենք, դատարանում ընդունեց իր մեղավորությունը, որ ինքը ԱԺ ընտրություններից առաջ ընտրակաշառք է բաժանել ու ստիպել Երեւանի մի քանի բնակիչների քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Aravot.am-ի հետ զրույցում, մեր հարցին, թե ինքը որքա՞ն պատիժ է ակնկալում ստանալ այդ հանցագործության համար` պատասխանեց. «Ինձ թվում է մեղմ կլինի ամեն ինչը»: Թե մեղմ ասելով` ի՞նչ նկատի ուներ ԲՀԿ-ականը` նա չասաց. «Ես չգիտեմ, վափշե գաղափար չունեմ»:

Մենք հետաքրքրվեցինք` ընտրակաշառք բաժանելու հարցում ի՞նչ դեր է ունեցել ԲՀԿ-ն, կուսակցությունը չի՞ սատարել, նա վստահեցրեց. «Չէ, ես ինձնով եմ արել, ինչ արել եմ»: Մենք ճշտեցինք` ուղղակի ուզել եք Ձեր գրպանից ընտրակաշառք բաժանելով սատարե՞լ հարազատ կուսակցությանը` նա պատասխանեց. «Այո»:

ԲՀԿ-ականը նշեց, որ բացի ընտրակաշառք վերցնելու համար «բռնված» բնակիչներից, ինքը այլ մարդկանց ընտրակաշառք չի բաժանել:

Ուշագրավ է, որ չնայած Արմեն Մաթեւոսյանն ընդունել է իր մեղավորությունը, սակայն գործով վկա ճանաչված բնակիչներից մեկը` Ծովինար Կոստանյանը, մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը Արմեն Մաթեւոսյանին ոչ տեսել է, ոչ ճանաչում է, ոչ էլ նրանից ընտրակաշառք է վերցրել. «Դա ընտրակաշառք չի եղել, օգնություն է եղել, դիմում ենք գրել ԲՀԿ-ին, 10 հազար դրամով օգնել են: Մենք գտնվում էինք սոցիալական ծանր վիճակի մեջ, բնակվում ենք ես, մայրս ու 10 տարեկան աղջիկս, ամուսինս մահացել է, ներկա դրությամբ ես չեմ աշխատում: Մայրս ժամանակ առ ժամանակ օգնության համար դիմում էր կուսակցությունների շտաբներին, թաղապետարան եւ այլն, ինքը ԲՀԿ-ից օգնություն էր խնդրել»:

Նա նշեց, որ 10 հազար դրամով սնունդ են գնել. «Դա մեզ պետք էր` կերակուրի համար, հաճախ լինում էր, որ հաց չէինք ունենում: Մենք դա ընտրակաշառք չենք ընկալել` օգնություն ենք ընկալել»: Ծովինար Կոստանյանը վստահեցրեց, որ որեւէ այլ կուսակցությունից նախընտրական շրջանում ընտրակաշառք չի ստացել:

Նշենք, որ մեր օրենսդրությամբ պատիժ է սահմանվում ինչպես ընտրակաշառք բաժանողի, այնպես էլ ստացողի համար:

Մեր հարցին, թե ինչու ընտրեցիք արագացված դատավարության կարգը` Ա. Մաթեւոսյանի փաստաբան Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Մեղադրողը չէր առարկել, դրա համար որոշեցինք արագացված դատավարություն ընտրել, քանի որ այդ դեպքում պետք է կիրառվի առավելագույն պատժի 2/3-ի չափով, իսկ տվյալ դեպքում առավելագույն պատիժը` 3-5 տարի ազատազրկումն է, բայց նախատեսված է նաեւ տուգանք: Մենք ակնկալում ենք, որ պատիժը կլինի միայն տուգանքի տեսքով»:

Ավելի ուշ, երբ հայտնի դարձավ, որ մեղադրող կողմը առաջարկում է Արմենին 3 տարի ազատազրկման դատապարտել` այն կիրառելով պայմանականորեն` փաստաբան Կարեն Կարապետյանը այս առնչությամբ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք չեն ուզի, որ Արմեն Մաթեւոսյանի վրա դատվածություն լինի, բացի այդ, դա ենթադրում է որոշակի ազատությունների սահմանափակում, չի կարողանա երկրից բացակայել, ուստի առաջարկում են կիրառել միայն տուգանք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031