Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքերի, ինչպես նաև 2001 թվականի սպետեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության ու ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային Ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը: Հանձնաժողովի խնդիրներն են`
1. 2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների ուսումնասիրությունը,
2. 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության հանգամանքների ուսումնասիրությունը,
3. գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրան հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ բոլոր հանցագոծությունների վերաբերյալ ուսումնասիրությունը:
Կարդացեք նաև
Կից ներկայացնում ենք որոշման նախագծի տեքստը:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայություն
30 օգոստոսի 2012
Պարոն Հովիկ Աբրահամյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Հարգելի պարոն Աբրահամյան,
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածներով` ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանն ենք ներկայացնում «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաև 2001 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության ու ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը:
Խնդրում ենք ներկայացված որոշման նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանոք`
ԱԺ պատգամավորներ
ՆԱԽԱԳԻԾ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
2012Թ. ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՐՍՆԱՔԱՐ» ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ՍՊԱՆԵՐԻ ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ, ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԻՆ ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՎԵԼ ԱՐՄԱՏԱՎՈՐՎԱԾ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՎ ՄԵՂՍԱԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՈՒ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՀԵՏ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների մասին, ինչպես նաև 2001 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության ու ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար:
2. Հանձնաժողովի խնդիրն է`
ա) 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների ուսումնասիրությունը,
բ) 2001 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության հանգամանքների ուսումնասիրությունը,
գ) գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ բոլոր հանցագործությունների վերաբերյալ ուսումնասիրությունը:
3. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի`
ա) Հանձնաժողովի որոշմամբ ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից 10-օրյա ժամկետում, պահանջել եւ ստանալ Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր, տեղեկատվություն,
բ) Հանձնաժողովի որոշմամբ ցանկացած պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց, ոչ ուշ, քան երեք օր առաջ գրավոր տեղեկացնելով հանձնաժողովի կողմից բարձրացրած հարցի քննարկման մասին՝ պահանջել ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, տալ բացատրություններ հանձնաժողովի կողմից քննարկվող հարցի վերաբերյալ և պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին,
գ) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրել գործի հետ առնչություն ունեցող անձանց` քաղաքացիների, վկաների եւ տուժողների եւ այլոց, լսել նրանց բացատրությունները,
դ) ծանոթանալ հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի նյութերին և գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ բոլոր հանցագործությունների վերաբերյալ ավարտված և չավարտված քրեական գործերի նյութերին,
ե) իր աշխատանքներում ներգրավել համապատասխան մասնագետների եւ փորձագետների:
4. Հանձնաժողովի անդամները, Հանձնաժողովի որոշմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են այցելել ձերբակալվածների եւ կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել անազատության մեջ գտնվող անձանց եւ ունենալ հանդիպում-ընդունելություն:
5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մեկական պատգամավոր Ազգային ժողովի խմբակցություններից, եւ մեկ պատգամավոր խմբակցությունների կազմում չընդգրկված պատգամավորներից:
6. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի (քարտուղարի) ներկայացմամբ:
7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուներին Ազգային ժողովի նիստում առաջարկում են պատգամավորները: Ընտրված է համարվում այն պատգամավորը, ով բաց քվեարկությամբ ստանում է առավել թվով ձայներ:
8. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ: Հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին: Հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ոչ ընդդիմադիր խմբակցություններին:
9. Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:
10. Հանձնաժողովի լիազորությունները դադարում են 2012 թվականի դեկտեմբերի 1-ին:
11. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 6-ը զեկուցում է Ազգային ժողովի նիստում` ներկայացնելով եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է եզրակացությանը: