Այսօր` օգոստոսի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը զրուցել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի բնակչուհու հետ, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, չի հայտնում: Բնակչուհին պատմել է, որ իր ամուսինը արտագնա աշխատանքի նպատակով 1 տարուց ավելի գտնվելիս է եղել Ուկրաինայի Ղրիմի մարզի Չեռնոմորսկի շրջանի Միջվոդնի գյուղում:
Այս տարվա հուլիսի 1-ին նրա ամուսինը Ուկրաինայից զանգահարել է տիկնոջը և հայտնել, որ իրեն անհրաժեշտ է 50 000 դոլար և այն պետք է կարճ ժամանակում: Կինը փորձել է ճշտել, թե ինչի համար է դա անհրաժեշտ, սակայն ամուսինը չի պատասխանել: Կնոջ երկար համոզումներից հետո, ամուսինը հայտնել է, որ նշված գյուղից անհայտ անձիք առևանգել են իրեն և պահանջում են 50 000 դոլար: Հեռախոսազանգի մասին կինը հայտնում է ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Արդեն գործի են անցնում ՔՀ 2-րդ վարչության աշխատակիցները:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Հայաստանի Ոստիկանությունն իր կապերի միջոցով կարողանում է ճշտել առևանգողների և առևանգվածի վայրը և, քանի որ Հայաստանը Ուկրաինայի հետ համագործակցության մասին միջպետական համաձայնագիր ունի, այդ համաձայնագրի շրջանակներում արդեն Հայաստանի և Ուկրաինայի ոստիկանների մի քանի աշխատակիցներից առանձին 3 խումբ է ստեղծվում:
Այս տարվա հուլիսի 25-ին, համատեղ գործողությունների արդյունքում, ՀՀ և Ուկրաինայի ոստիկաններին հաջողվում է Չեռնոմորսկի շրջանի Միջվոդնի գյուղից մոտ 400 կմ հեռավորության վրա գտնվող Միլիտոպլ քաղաքի Գոգոլի փողոցի տներից մեկում հայտնաբերել մոտ մեկ ամիս պատանդ վիճակում գտնվող ՀՀ քաղաքացուն` 42-ամյա Արմեն Տ-ին, ով ունի երկու երեխա:
Առևանգվածը եղել է խոշտանգված և դաժան ծեծի ենթարկված: Գ. Շամշյանը հայտնում է, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել` Ուկրաինայի քրեական օրենսգրքի 146 հոդվածի 1-ին մասի (անձին ապօրինի ազատությունից զրկելը ) 189 հոդվածի (անձին խոշտանգումների ենթարկելը) հատկանիշներով:
ՀՀ և Ուկրաինայի ոստիկանները հայտնաբերել են, որ առևանգումը կազմակերպել են Երևանի Այգեստան փողոցի բնակիչ` 40-ամյա Հարություն Հարությունյանը, Երևանի Քուչակի փողոցի բնակիչ` 36-ամյա Արման Բադալյանը և Երևանի Արզումանյան փողոցի բնակիչ` 40-ամյա Հրաչյա Միքայելյանը: Հ. Հարությունյանն ու Ա. Բադալյանը կալանավորված են, ձեռնարկվում է համատեղ օպերատիվ քննչական հետախուզական միջոցառումներ` Հ. Միքայելյանին հայտնաբերելու համար:
Առևանգվածի կինը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում էր. «Ճիշտն ասած չէի հավատում, որ էս մեր Հայաստանի ոստիկանները Ուկրաինայի նման անծայրածիր երկրում կկարողանային հայտնաբերել այդ ստահակներին, ովքեր անմարդկային վերաբերմունքի էին արժանացրել իմ ամուսնուն, ում աշխատանքից ստացված գումարներով էինք գոյատևում»: Նա շնորհակալութուն էր հայտնում նաև Ուկրաինայի իրավապահներին` հայտնելով նաև, որ ամուսնու` Հայաստան վերադառնալուց հետո, այլ բան չի մնում իրենց անել, քան` մատաղ: