Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դօրիանը Բոտերոյի «Թմբլիկին» չհավանողներին. հայկական TV-ներ դիտեք՝ ամեն ինչ միայն մեծամասնության ճաշակով է

Օգոստոս 30,2012 16:01

Ֆերնանդո Բոտերոյի՝ Կասկադում տեղադրված հերթական քանդակը բուռն կրքեր է առաջացրել ոչ միայն սոցիալական ցանցերում, այլեւ մամուլում: Փռված, անվրդով ծխող թմբլիկ կինը ոմանց գռեհիկ է թվում, ոմանց դուր է գալիս, որոշ քանդակագործներ էլ հայտարարում են, թե իրենք ավելի գեղեցիկ կպատկերեին մերկ կնոջը:

Երիտասարդ գրող, բլոգեր Դօրիանը Aravot.am-ի հետ զրույցում տարակուսանք է հայտնում՝ ուրիշ բանուգործ չունի՞ մեր ժողովուրդը:

«Շատ գեղեցիկ, ոչ ստերեոտիպային արձան է: Անկեղծ ասած, աշխատում եմ չհետևել facebook-յան «օրվա թեմային» ու չգիտեմ, թե մարդիկ արձանի ինչը չեն հավանել: Եթե ցանկանում են բացառապես մեծամասնության չափումներով գեղեցիկ կամ օրինաչափ համարվող երևույթներ տեսնել, թող հայկական հեռուստատեսություն դիտեն, այնտեղ ամեն ինչ միայն մեծամասնության ճաշակին է համապատասխանեցված: Արձանը, հավանաբար, իր վարկանիշի մասին չի մտահոգվում, այդ պատճառով էլ իրական է, «կենդանի» ու սիրուն (թեկուզեւ համեմատաբար սակավաթիվ, բայց նույնպես երևանցիների չափումներով)»,- այս կարծիքին է մեր զրուցակիցը:

Ճանաչված նկարիչ Շոթա Ոսկանյանը, որ հայտնի է իր՝ կանանց շարքով, նույնպես զարմացած է. «Բոլոր երկրներն ու արվեստաբանները հաշվի են նստում Բոտերոյի հետ՝ որպես լավ քանդակագործի եւ նկարչի, ինչի՞ մասին է խոսքը: Ճիշտ է, ինքը մի քիչ «թմբլոյացնում» է ֆիգուրաները, լայնքով է տեսնում, ի տարբերություն Մոդիլյանիի, որը մի քիչ ձգում էր, բայց ամեն դեպքում Բոտերոն մնում է Բոտերո՝ շատ յուրատիպ, յուրօրինակ եւ զիլ: Ինձ դուր են գալիս նրա բոլոր քանդակները»:

Նկարիչը տարօրինակ է համարում արձանները ագրեսիվ քննարկելն ու հայհոյելը, ասում է՝ ճաշակի խնդիր է, քննադատելը ամենահեշտ բանն է, բայց պետք է զգալ նաեւ գեղեցիկը. «Օրինակ՝ մարդ կա նիհար մոդելների մեջ է գեղեցիկը տեսնում, մեկ ուրիշն էլ մտածում է՝ հեսա շունչները կփչի-կընկնեն»:

Շոթա Ոսկանյանը կարծում է, որ չպետք է արձանները համեմատել կամ հակադրել միմյանց ու նման կերպ վարվողներին, հատկապես ոչ մասնագետներին խորհուրդ է տալիս «օդում չկրակել», մանավանդ Բոտերոյի քանդակները բացի գեղարվեստական արժեք լինելուց, թանկ են գնահատվում ֆինանսապես:

Նա այն կարծիքին է, որ մեր քաղաքում շատ լավ քանդակներ կան, դրանց մեջ առանձնացնում է մասնավորապես Դավիթ Երեւանցու գործերը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031