Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կապանի քաղաքապետ Արտուր Աթայան. «Ես նպատակահարմար եմ գտնում զիջել իմ տեղը»

Օգոստոս 30,2012 15:53

Կապանի քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանի ինքնաբացարկի դիմումն արդեն ներկայացվել է թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը փոխանցեց, որ այսօր ժամը 14:00-ին քաղաքապետի լիազորված ներկայացուցչի կողմից դիմումը ներկայացվել է ընտրատարածքային հանձնաժողով:

Մարզկենտրոնում առավոտվանից շրջանառվող լուրերի համաձայն` քաղաքապետն ինքնակամ չէ այդ որոշմանը գնացել, քանի որ շատ մարտական էր տրամադրվել եւ նրա հետագա պայքարի դեպքում հաղթանակն անխուսափելի էր, ինչը ձեռնտու չէր մյուս կողմին: Կարծիքների համաձայն` դա ճնշումների արդյունք էր, որի պատճառով նա ստիպված այդ քայլին գնաց:

Կապանում թեեւ քաղաքապետի թեկնածուի ինքնաբացարկի լուրը շատերին է տխրեցրել, բայց նրանք քաղաքապետին այս ընտրապայքարում արդեն հաղթող են համարում, ինչը ցույց էին տվել նաեւ սոցիոլոգիական հարցումները:

Քաղաքապետն ինքնաբացարկի վերաբերյալ հայտարարություն է արել, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի կապանցիներ, սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններում առաջադրվել էի որպես Կապանի քաղաքապետի թեկնածու: Համոզված էի, որ իմ անցած չորս տարիների գործունեությունը, սրտացավ վերաբերմունքը համայնքի ու նրա յուրաքանչյուր բնակչի հանդեպ ինձ թույլ են տալիս վերընտրվելու եւ առաջիկա չորս տարիներին շարունակելու իմ ծրագրերի իրագործումը:

Ես կարծում էի, թե կլինեն քաղաքակիրթ ընտրություններ եւ բոլոր թեկնածուներին հնարավորություն կընձեռվի օրենքով սահմանված կարգով կազմակերպել ընտրական գործընթացը:

Սակայն օրեցօր մարզկենտրոնում շիկանում է մթնոլորտն ու կապանցու

քվեին արժանանալու համար կիրառվում են անընդունելի մեթոդներ: Իմ կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների:

Ինձ համար քաղաքապետի աթոռը ինքնանպատակ չէ ու ես չեմ կարող նման ծանր բեռով շարունակել ընտրապայքարն ու վտանգի տակ դնել մարզկենտրոնի բարոյահոգեբանական մթնոլորտն ու միջանձնային հարաբերությունները:

Ես չեմ ուզում, որ իմ պատճառով տուժեն իմ ընկերներն ու համախոհները:

Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ ծննդավայրում հաստատվեն թշնամանքն ու դավաճանությունը: Համոզված եմ, որ հազարավոր կապանցիներ համամիտ են ինձ հետ ու չեն մեղադրի ինձ:

Ես ուզում եմ հավատալ, որ այս օրերին հնչող հայտարարությունները, թե մեկ տարի հետո մենք ունենալու ենք անճանաչելիորեն բարեփոխված Կապան, իրականություն կդառնան: Ու եթե դրան խոչընդոտում է միայն իմ կուսակցական պատկանելությունը, ապա ես նպատակահարմար եմ գտնում զիջել իմ տեղը:

Հանուն Կապանի և հանուն կապանցու ես հրաժարվում եմ ընտրապայքարից:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կապանցիներին իմ կողքին կանգնելու համար, ներողություն եմ խնդրում, եթե նման որոշում կայացնելով չեմ արդարացրել ձեր սպասելիքները: Հուսով եմ, որ ներողամիտ կլինեք: Վստահեցնում եմ, որ այսուհետ էլ ամեն ինչ անելու եմ իմ քաղաքի, իմ ընկերների համար», – հայտարարել է քաղաքապետը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031