Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. Թուրքիան աշխարհին զուռնա-դհոլով հայտնում է Ախթամարի վերականգնման մասին, բայց քանդում Մրենի տաճարը (Տեսանյութ)

Օգոստոս 30,2012 15:23

Այսօր «Տեսակետ» ակումբում Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն ամփոփեց հիմնադրամի 2012թ.-ի հրատարակչական գործունեությունը և ներկայացրեց ապագա ծրագրերը:

Հուշարձանագետը հայտնեց, որ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրերը հիմնականում վերաբերում են ՀՀ սահմաններից դուրս գտնվող հայկական հուշարձանների վավերագրմանը: Կատարված աշխատանքների վերաբերյալ Սամվել Կարապետյանը նշեց, որ լույս է տեսել հիմնադրամի գրքաշարի 15-րդ հատորը՝ նվիրված հիմնադրամի հիմնադիր-նախագահ Արմեն Հախնազարյանի ուսումնասիրություններին. «Հիմնադրամը հրատարակել էր նաեւ «Անի» եռալեզու հատորյակը՝ նվիրված Անին մայրաքաղաք հռչակելու 1050- ամյակին: «Հատորյակը պարունակում է շուրջ 700 լուսանկար, ինչպես նաեւ՝ մանրամասն տեղեկություններ յուրաքանչյուր շինության վերաբերյալ: Գիրքը ներառում է նաեւ Անիի հատակագիծը»,-ասաց Կարապետյանը:

Նշենք, որ հայկական գրատպության 500- ամյակի առթիվ հրատարակվել էր նաեւ հայկական տպարանների քարտեզ:

Հիմնադրամը 3-րդ տարին է, որ լույս է ընծայում «Վարձք» անվանումով հանդեսը:

Սամվել Կարապետյանի խոսքով, փոքր ծավալի ուսումնասիրությունները նպատակահարմար չէ գիրք դարձնել, իսկ առկա ակադեմիական հանդեսները տարբեր պատճառներով բավարար չեն. «Այս տարի լույս է տեսել «Վարձքի» 3 համար: «Վարձք» արեւմտահայերենով նշանակում է առանց շահույթի արված գործ, բայց ես այլ իմաստ եմ դրել անվանման մեջ. վարձքը նախնիների թողած հսկայական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու մեր պարտքն է»:

Հուշարձանագետը հայտնեց, որ «Վարձքի» վերջին համարը ներառում է առանցքային երկու նյութ. «Խորհրդային տարիներին արված լուսանկարի համաձայն՝ Ագուլիսում պահպանվել էր 7 եկեղեցի, 1 վանք եւ 8 պաշտամունքային վայր, մինչդեռ տիեզերքից արված նոր լուսանկարները փաստում են, որ Ագուլիսը մշակութաթափ է արված, ինչպես Նախիջեւանի բոլոր հնավայրերը»:

Մյուս ուսումնասիրությունը վերաբերում է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող Մրենի տաճարին, որի ներսում հսկայական փոս է փորված, իսկ սրբատաշ քարերը հանված են. «Տաճար մտնել չի կարելի, պահակակետը հսկողություն է սահմանել: Խնդիրն այն է, որ հսկողները աչք են փակում գանձախույզների եւ տաճարն ավերողների վրա, մինչդեռ զբոսաշրջիկներին չեն թույլատրում անգամ մոտենալ: Թուրքիան աշխարհին զուռնա-դհոլով ասում է, որ վերականգնում է Ախթամարը, բայց զուգահեռ քանդում է Մրենի տաճարը: Այդ քայլը Թուրքիայի պետական քաղաքականության մի մասն է»,-մտահոգություն հայտնեց Սամվել Կարապետյանը:

Խոսելով ապագա ծրագրերից՝ մասնագետը նշեց, որ ծավալուն աշխատանք է տարվում Արեւմտյան Հայաստանի 70 գավառների պատմամշակութային ժառանգությունը 50 գրքից բաղկացած հատորյակում ամփոփելու ուղղությամբ. «Առաջին գիրքը կհրատարակվի 2015թ.-ին: Նախագիծ ենք մշակում նաեւ Արցախի բնակավայրերի պատմությանը նվիրված բազմահատորյակ տպագրելու ուղղությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031