Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մտավախություն կա, որ Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովը վերադարձվի Ադրբեջանին

Օգոստոս 30,2012 15:14

80-ից ավելի հ/կ-ներ նախաձեռնել են ստորագրահավաք, որով անընդունելի են համարում Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան: Այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում «Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան անընդունելի է» թեմայով ասուլիսի ժամանակ Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը նշեց. «Ադրբեջանում որևէ մեկը չի ճանաչել Գուրգեն Մարգարյանի սպանությունը՝ որպես հանցագործություն կամ չի ճանաչվել Ռամիլ Սաֆարովի մեղավորությունը: Ութ տարի անց սա ևս մի ծանր փաստ է: Ադրբեջանը երբևէ այս ութ տարվա ընթացքում չի դադարեցրել իր ջանքերը և ջանասիրաբար հետևողական լինելով՝ հերոսացնում է Ռամիլ Սաֆարովին»:

Նա տեղեկացրեց, որ ամբողջ դատական գործընթացում Ադրբեջանը՝ որպես պետություն, ակտիվ մասնակցություն է ունեցել: Այնուհետև Ն. Վարդանյանը հավելեց. «Ե′վ Թուրքիան, և′ Ադրբեջանը շահագրգռված էին, որ Ռամիլ Սաֆարովը ազատվեր պատժից: Այն ժամանակ էլ, այժմ էլ ես համոզված եմ, որ սա պետական պատվեր է եղել և Սաֆարովը կատարել է պետական պատվեր»: Որպես օրինակ՝ Գ. Մարգարյանի ընտանիքի շահերի երկայացուցիչը բերում է այն, որ ժամանակին Ադրբեջանի օմբուդսմենը հանդես էր գալիս հայտարարություններով, թե Սաֆարովը լավագույն օրինակ է ադրբեջանցի երիտասարդների համար և որ յուրաքանչյուր ադրբեջանցի օրինակ պիտի վերցնի նրանից:

Ն. Վարդանյանը նաև նկատում է. «Եթե մինչ դատավարությունը ադրբեջանական մամուլում կոչեր կային, թե սպանենք հայերին, որ հերոսանանք, ապա դատավարությունից հետո այդ տրամադրությունները մեղմացան, ասում էին, որ նման բաներ պետք չէ անել, քանի որ պատիժ կկրենք»:

Հայաստանյան հ/կ-ների ստորագրահավաքի նախաձեռնության հիմնական նպատակն է նորից հիշեցնել հունգարական հասարակությանը, որ Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանին վերադարձնելը անընդունելի է, որ դա կարող է լուրջ հակահայկական և հակաքաղաքական խմորումներ ունենալ:

Ն. Վարդանյանը շեշտեց. «Պայքարը շարունակվում է, մենք պետք է թույլ չտանք, որ Սաֆարովը փոխանցվի ադրբեջանական կողմին և իբր շարունակի իր պատժը կրել Ադրբեջանում, քանի որ մեզ բոլորիս հայտնի է, որ նա Ադրբեջանում պատիժ չի կրի, այլ կհերոսացվի, քանի որ նույնիսկ նորածիններին էին Ադրբեջանում Սաֆարովի անունով կոչում, 2005-ին նա ճանաչվեց տարվա մարդ»:

«Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ Սաֆարովի էքստրադիցիայի կապակցությամբ լուրջ մտահոգություններ ունի: Նա ներկայացրեց. «Քաղաքական և տնտեսական աղետալի վիճակներում է Հունգարիան: Իսկ Ադրբեջանի՝ կոռուպցիայով և կաշառակերությամբ հարցեր լուծելը տեղ է գտել միջազգային զեկույցներում: Ուստի այստեղ հիմքեր ունենք ասելու, որ այսպիսի գործընթացը պատահական համընկնություններ լինել չի կարող: Սաֆարովը Ադրբեջանի համար ոչ թե հանցագործ է, այլ դրոշ է իրենց ազգային մարդատյաց, հետո միայն հայատյաց քաղաքականության համար: Ուստի ես Սաֆարովին՝ Ադրբեջանին վերադարձնելու հավանականությունը միջինից բարձր եմ գնահատում, քանի որ Ադրբեջանի նման գործարքը ավելին է, քան զուտ Հունգարիայի տնտեսությանը օգնություն տրամադրելը»:

Լ. Ալավերդյանի կարծիքով՝ հայկական կողմը պետական մակարդակով պետք է հարցում կատարի հունգարական պետությանը Սաֆարովի էքստրադինցիայի կապակցությամբ գործընթացի ընթացքի մասին: Ն. Վարդանյանն էլ կարծում է, որ այս հարցում անելիքներ ունեն ՀՀ արդարադատության նախարարությունը, ԱԳՆ-ն, օմբուդսմենն ու ՀՀ դատախազությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031