Ինչպես տեղեկացրել էինք, այսօր կառավարության շենքի դիմաց բանակում մահացած զինծառայողների մայրերի ու «Հայոց արծիվներ» հ/կ ղեկավար Խաչիկ Ասրյանի միջեւ ընդհարում էր տեղի ունեցել:
Պարոն Ասրյանը Aravot.am-ին պատմեց, թե ինչպես է կոնֆլիկտը սկսվել. «Ես ոտքով անցնում էի կառավարության շենքի մոտով ու ականատես եղա որդեկորույս մայրերին, ում նկատմամբ ունեցել ու ունեմ խորին հարգանք: Չեք պատկերացնում՝ որքան ապշեցի, երբ այդ մայրերն ինձ տեսնելով, հեռվից վիրավորական կոչեր ու արտահայտություններ ուղարկեցին իմ հայոց արծիվների հասցեին, գոռում- գոչում էին… անակնկալի եկա, ասում էին ՝ հայոց արծիվները բորենիներ են, մեր զավակներին սպանում են, դուք լռում եք… եւ նման խոսակցություններ: Չէի կարող անտարբեր անցնել, շրջվեցի ու մոտեցա, եւ հարցրի՝ դուք իմ գործունեությանը ծանո՞թ եք, որ նման կոչեր ու արտահայտություններ եք թույլ տալիս: Մի քանի ծնողներ՝ նկարները ձեռքներին, սկսեցին ոչ կոռեկտ արտահայտություններ անել եւ ստիպված լուռ նայում էի նրանց ու ապշած լսում էի, հետո ոստիկանները միջամտեցին, բայց ոստիկաններին ասացի՝ կարող եմ նրանց հետ խոսել, խնդիր չկա, թողեք նրանց լսեմ եւ շարունակեցի նրանց հետ խոսել, կրկնել՝ դուք Ասրյան Խաչիկին ճանաչո՞ւմ եք, որ նման վերաբերմունք եք ցուցաբերում մի մարդու նկատմամբ, ով ամբողջ կյանքը ազգային բանակի կողքին լինելով՝ խրամատներից մինչեւ խրամատներ : Ինչո՞ւ եք նման անեծքներ ուղղում ինձ»:
Պարոն Ասրյանն ասաց, որ մինչեւ հիմա որդեկորույս մայրերը իրենց խնդրով իրեն երբեւէ չեն դիմել, բայց ինքը առաջիկայում եւս մեկ անգամ ծնողների հետ կհանդիպի, կհասկանա նրանց խնդիրներն ու իր հնարավորության դեպքում նրանց կաջակցի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ