Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը մի կողմ են քաշվել՝ ամեն բան թողնելով Գագիկ Ծառուկյանի ուսերին

Օգոստոս 30,2012 14:28

 ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Zham.am-ին տված հարցազրույցում դիպուկ ու հստակ պատասխանել է սպորտը շահարկող բոլոր մարդկանց, որոնց մեջ ամենայն հավանականությամբ կան այնպիսիք, որոնք անհամբերությամբ սպասում էին օլիմպիական խաղերում մեր մարզիկների անհաջողություններին:

Իսկապես, ո՞ւր էին նրանք անցած չորս տարիներին: Բայց դա արդեն անցյալ է: Իսկ ո՞ւր են նրանք հիմա, երբ Լոնդոնում Հայաստանը օլիմպիական երեք մեդալակիր է տվել: Ընդամենը երեքն են, ոչ տասնյակներ: Բոլոր երկրներում Խաղերի ավարտից հետո դեռ շարունակում են մեծարել իրենց մարզական հերոսներին: Ամեն մի երկրի, մարզի, քաղաքի, անգամ՝ գյուղի ղեկավարություն, խոշոր հիմնարկներ,  ֆիրմաներ ու գործարարներ իրենց հնարավորությունների չափով խրախուսում են օլիմպիական մեդալակիրներին՝ բնակարաններ, թանկարժեք ավտոմեքենաներ, գումարներ շնորհելով նրանց եւ նրանց անձնական ու հավաքականների մարզիչներին, բժիշկներին ու մերսորդներին, բոլորին, ովքեր մասնակից են դարձել մարզական ձեռքբերումներին: Իսկ Մոլդովայում, որը համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը, նույնիսկ խրախուսանքի են արժանացնում իրենց մարզաձեւերում մեդալ չնվաճած, բայց առաջին տասնյակ մտած օլիմպիականներին: Էլ չենք խոսում կազմակերպվող մեծարման ամենատարբեր արարողությունների մասին: Այդքան էլ չկանք:

Հայաստանում քար լռություն է: Մարզպետները, քաղաքապետերը, գործարարները, ինչպես երեւում է, ցանկություն էլ չունեն՝ տեսնելու իրենց մարզի ու քաղաքի հեղինակությունը աշխարհում բարձր պահած մարզիկներին ու մարզիչներին: Միջոցնե՞ր չունեն: Քիչ հավանական է: Իսկ եթե ընդունենք՝ չունեն, դժվա՞ր է դա կազմակերպել հարուստ ձեռնարկությունների ղեկավարների, գործարարների հետ, որոնք կլոր տարի գլխավոր հովանավոր ու գլխավոր աջակից են ամենատափակ նախագծերի: Ատլանտայի օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանը Հայաստանից հեռացավ հենց անտարբերության պատճառով:

Պարզապես, լավը տեսնելու եւ գնահատելու ցանկություն չկա: Ու մտքներովս էլ չի անցնում, որովհետեւ կա Գագիկ Ծառուկյանը, ու նա բոլորի փոխարեն մեր մեդալակիրների համար ամեն ինչ կանի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031