Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետը պետք է բիզնես ունենա

Օգոստոս 30,2012 14:26

Համոզված է 21-րդ դարի լավագույն բարիտոններից մեկը համարվող Արսեն Սողոմոնյանը

Արսեն Սողոմոնյանը՝ «Պիկովայա դամայում» Ելեցկու կերպարով:

«Առավոտը» քանիցս անդրադարձել է Երեւանում անցկացվող հյուրախաղերի տոմսերի արժեքին, որոնք երբեմն անցնում են ողջամտության սահմանը: Դրանք գոնե հասանելի պետք է լինեն միջին հայաստանցու գրպանին, մի բան, որ հաշվի է առնվում Արեւմուտքում:

Առաջին անգամ մենահամերգով «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 2-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) հետ հանդես եկող Մոսկվայի Կ. Ստանիսլավսկու եւ Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան պետական երաժշտական ակադեմիական թատրոնի մեներգիչ Արսեն Սողոմոնյանի երեկոյի տոմսի արժեքն, օրինակ, հասնում է մինչեւ 55.000 դրամի: Ասվածի առիթով «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ արտերկրում առավել հայտնի օպերային բարիտոնն ասաց. «Ցանկացած արվեստագետ տարիների ընթացքում ձեռք է բերում կարգավիճակ, ինչն իր արտահայտությունն է թողնում նաեւ համերգների տոմսային քաղաքականության վրա: Դա պայմանավորված է ու ամրագրված մարքեթինգի կանոններով: Ճիշտ է, դասական արվեստում չկա շոու-բիզնես հասկացությունը, սակայն բիզնեսը, որ լատիներենից թարգմանաբար նշանակում է գործունեություն, բառի իսկական իմաստով առնչվում է նաեւ դասական արվեստին: Կայանալիք մենահամերգս բարեգործական է, հասույթն էլ փոխանցվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Ես չէի կարող գալ Հայաստան, ունենալ մենահամերգ, վերցնել գումարն ու հանգիստ խղճով հեռանալ: Դա ինձ համար չէ»:

ՀՀ նախագահի մրցանակակիր երգչին հայաստանցի հանդիսատեսը կմտաբերի ժամանակին Ազգային օպերային թատրոնում Ժերմոնի (Վերդի՝ «Տրավիատա») եւ ֆիլհարմոնիկ նվագախմբի իրականացրած Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» ու Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերաների բեմադրություններից (առաջինում հանդես է եկել Շարպլեսի, երկրորդում՝ Ֆիորելոյի դերերգերով):

Հայ օպերային երգչի մասին վերջին 2-3 տարում խոսում են նաեւ արեւմտյան երաժշտական քննադատները: Օրինակ՝ Արեւմուտքում ճանաչված «Աշխարհի երաժշտական քննադատներ» կազմակերպությունը հայ երգչին անվանել է 21-րդ դարի լավագույն բարիտոն:

Ինչպե՞ս հայտնվեց երգիչը Մոսկվայում: Արսեն Սողոմոնյանը պատմեց. «2009թ. մասնակցեցի Բուլղարիայում կայացած Ռաինա Կաբաեւանսկայայի վարպետության դասերին ու մրցույթին, հաղթող ճանաչվեցի եւ ստացա իրավունք՝ կատարելագործվելու Իտալիայի Սիենա քաղաքի Կիջանայի երաժշտական ակադեմիայում: Սա իսկապես մեծ դպրոց է ցանկացած արվեստագետի համար: Իտալիայում ծանոթացա ու շփվեցի այնպիսի անունների հետ, ինչպիսիք են օպերային երգիչ Ռենատո Բրուզոնը, դաշնակահար Անդրեյ Պետրովը, ալտահար Յուրի Բաշմետը եւ այլն: Հայաստան վերադառնալուն պես հրավեր ստացա Մոսկվայի Կ. Ստանիսլավսկու եւ Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան պետական երաժշտական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Տիտելից եւ նույն՝ 2009 թվականից էլ այդ թատրոնի մեներգիչ եմ»: Մեր զրուցակիցը հավելեց, որ հենց Տիտելը նկատի ունենալով իրեն, ժամանակակից ռեժիսուրայով բեմադրեց «Սեւիլյան սափրիչը»: Այս անգամ արդեն բարիտոնը հանդես է եկել Ֆիգարոյի դերերգով:

Ի դեպ, Ռուսաստանի երաժշտական քննադատները հայ երգչին համարում են նաեւ լավագույն Ֆիգարո: Այսօր արդեն ոչ միայն Մոսկվայում, այլեւ արեւմտյան ճանաչված թատրոններում է հանդես գալիս հայազգի երգիչը, կատարելով բարիտոնի համար այնպիսի դերերգեր, ինչպիսիք են Ելեցկին՝ Չայկովսկու «Պիկովայա դամայում», Բելկորը՝ Դոնիցետիի «Սիրո ըմպելիքում», Ժերմոնը՝ «Տրավիատայում» եւ այլն: Վերջերս էլ Արսեն Սողոմոնյանը հանդես է եկել Նապոլեոնի դերերգով՝ Պրոկոֆեւի «Պատերազմ եւ խաղաղություն» օպերայում:

Մեզ հասած տեղեկություններով, թե արտիստը նաեւ բիզնես գործունեություն է ծավալում, երգիչը պատասխանեց. «Մերօրյա արվեստագետը պետք է ունենա «կողմնակի» եկամուտ՝ բիզնեսի տեսքով, որպեսզի նրա արվեստը չդառնա ապրուստի միջոց»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031