«Այսօր ունենք 32 հանրային պաշտպան, որոնք իրականացնում են անվճար պաշտպանություն, բացառապես քրեական գործերով: Նախատեսվում է նրանց թիվը ավելացնել 18-ով ՝ հասցնելով 50-ի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ըստ նրա, հաջորդ տարվանից ուժի մեջ են մտնելու «Փաստաբանության մասին» օրենքի փոփոխությունները, որով հանրային պաշտպանի ծառայությունների մատուցման դեպքում հիմք է ընդունվելու ոչ թե գործի տեսակը, այլ դատավարության մասնակիցների սոցիալական վիճակը. « Անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերվի նաև քաղաքացիական և վարչական գործերով»: Նա չբացառեց , որ կառավարությունը նորից օրենսդրական փոփոխություններ կկատարվի և ինչպես միջազգային պրակտիկայում է ընդունված, Հայաստանում էլ յուրաքանչյուր փաստաբան կպարտավորվի որոշակի ժամանակահատված անվճար օգնություն ցուցաբերել սոցիալապես անապահովներին: Նրա խոսքերով, հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը մեծ է. « Յուրաքանչյուրի վարույթում ավելի շատ է, քան թե ավելի ակտիվ փաստաբանների պալատում: Բնականաբար, այդ մեծ թիվը, այսպես թե այնպես, ազդելու է նաև որակի վրա: Բայց կա արդեն փաստաբանական պալատի ղեկավարի հետ համապատասխան համաձայնություններ, կան անձինք, որոնք ցանկություն են հայտնել աշխատելու, և որոշումը ուժի մեջ մտնելուց հետո շատ արագ այդ խնդիրները կլուծվեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ