Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ 9-ամյա Գոռ Բաղդասարյանի հարցով դատական հերթական նիստը: Այս երեխայի պատմությունն արդեն 4 տարի ձգձգվում է, եւ ծնողները չեն կարողանում երեխային խնամելու հարցով որոշման գալ, թե անչափահաս Գոռի խնամակալությամբ ով պետք է զբաղվի: Հայցվոր կողմը՝ Ալվարդ Մանուկյանը, պահանջում է ինչպես երեխայի բնակության վայրի որոշում, այնպես էլ հոր՝ Աշոտ Բաղդասարյանի ծնողական իրավունքների սահմանափակում, քանի որ, Ա. Մանուկյանի խոսքերով, ինքը երեխայի երեսը ամիսներով, նույնիսկ տարիներով չի տեսնում: Հայրն էլ՝ Աշոտ Բաղդասարյանը, Գոռին արգելում է մոր հետ տեսակցել, պատճառաբանելով, որ երեխան չի ուզում մորը տեսնել: Երեկվա նիստում Ա. Մանուկյանի փաստաբան Նոնա Գալստյանն իր պահանջի մի մասից հրաժարվեց՝ թողնելով որպեսզի միայն երեխայի բնակության վայրի վերաբերյալ հարցը քննարկվի, քանի որ Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից դատարանի վարույթում նույն պահանջով մեկ այլ քաղաքացիական գործ կա արդեն: Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի քարտուղար Ռաֆիկ Սիմոնյանն ասաց, որ դատարանը դատական ակտով պետք է պարտավորեցնի երեխային բնակության վայր հաստատել Շահամիրյան 10, բն. 2-ում, որտեղ գրանցված են երեխայի ծնողները: Նա համոզմունք հայտնեց, որ հայցվորի պահանջը եւ իրավական, եւ թե բարոյական հիմք ունի. «Երեխայի իրավունքներն են խախտվում էսպես՝ մեկ Խարբերդ, մեկ Սեւան, մեկ 4-րդ գյուղ, այդքան քաշքշուկների մեջ երեխան կանգնում է թերսնման, դաստիարակության բացերի եւ մի շարք այլ խնդիրների առաջ»: «Առավոտի» հետ զրույցում Ռ. Սիմոնյանն ասաց, որ ինքը բազմիցս շփվել է երեխայի հետ, վերջին անգամ էլ փետրվարին է զրուցել հետը, եւ քանի որ երեխան մշտապես հոր մոտ է գտնվում, բացահայտորեն տրամադրված է հոր հետ ապրելուն: «Մորն էլ չի ընդունում, երբ մենք կանչեցինք ծնողներին եւ տեղեկացրեցինք, որ յուրաքանչյուրը 5-ական օր պետք է շփվի երեխայի հետ, հայրը ցանկություն հայտնեց երեխային տեղյակ պահել այդ որոշման մասին: Երեխային բերեց, ես ինքս բացատրեցի նրան, որ պետք է երկու ծնողի հետ էլ ապրի, բայց նա ամենավիրավորական, գռեհիկ ու 9 տարեկանին ոչ սազական տոնով ասաց, որ իմ ասածն իր համար հիմք չէ, եւ որ ինքը հոր մոտ է մնում»: Խնամակալության եւ հոգաբարձության մարմնի քարտուղարի խոսքերով՝ իր աշխատանքային պրակտիկան ցույց է տվել, որ բոլոր մանկահասակ երեխաներն էլ արտահայտում են այն կողմի դիրքորոշումը, ում հետ ապրում են: Այս դեպքում երեխան արտահայտում է հոր կարծիքը: Ինչ վերաբերում է նրա պահվածքին ու հոգեվիճակին, ապա պարոն Սիմոնյանը պատմեց, որ այս ձգձգվող պատմությունների ընթացքում խաթարվել է երեխայի հոգեկան աշխարհը, Գոռը բացարձակ բարեկիրթ չէ, ծածկամիտ է, չի խոսում, երկար համոզելուց հետո հազիվ ասում է՝ «այո» կամ «ոչ»: Պատասխանող կողմի փաստաբան Մկրտիչ Դավթյանը, սակայն, կարծում է, որ այս գործի էությունը մոր կողմից բնակարանին տիրանալու հարցն է. «Բնակարանը կառավարության որոշմամբ հատկացվել է Աշոտ Բաղդասարյանին՝ որպես երկրապահ կամավորական ջոկատում կռված: Այժմ մայրը բնակարանի նկատմամբ նկրտումներ ունի եւ երեխայի գործոնն օգտագործում է նպատակին հասնելու համար»: Փաստաբանի կարծիքով՝ թեեւ երեխան իրավունք ունի շփվելու ծնողների հետ, սակայն պետք է սահմանափակվի երեխայի՝ մոր հետ շփվելու իրավունքը, եւ մորը պետք է թույլ տալ երեխայի հետ շփվել միայն հոգեբանի կամ հոգաբարձության անդամի ներկայությամբ: Աշոտ Բաղդասարյանը, ում խնամակալությամբ արդեն տարիներ շարունակ գտնվում է Գոռը, դատավորի հարցին ի պատասխան՝ ասաց, որ այժմ Խարբերդում են ապրում, հիմնական աշխատանք չի փնտրում, որպեսզի կարողանա երեխայի խնամքով զբաղվել: «Առավոտին» էլ պատմեց. «Այժմ երեխան Սեւանի ափին հանգստանում է, ուզո՞ւմ եք, զանգեմ, խոսեք, համոզվեք, որ իրեն շատ լավ է զգում ինձ հետ, երեխան որտեղ ցանկանա, այնտեղ էլ կապրի, ես մի ժամ անգամ նրան չեմ պարտավորեցնում ինձ հետ ապրել»: Երեխայի մայրը՝ Ալվարդ Մանուկյանը ասաց, որ ուղիղ 4 ամիս չի տեսել երեխային. «Սկզբնական շրջանում երեխուս հետ գոնե հեռախոսով խոսում էի, մի անգամ էլ դպրոցում հենց տնօրենի ներկայությամբ ասաց, որ վախենում է հորից, դրա համար է ինձանից խուսափում: Ես ուզում եմ շեշտել, որ երեխան միշտ էլ ինձ հետ ջերմ է եղել, մինչեւ հոր իմանալը: Ամեն օր ես Խարբերդ եմ գնացել, որ մի լուր իմանամ երեխուս մասին, բայց իմ դեմ արգելք է դրված: Ես չեմ հասկանում, անբարոյականին անգամ երեխա են տալիս, ես աշխատող, ամեն ինչս նորմալ մարդ եմ, ինձ ինչո՞ւ են զրկում իմ երեխուն տեսնելու հնարավորությունից, ես էլ ի վիճակի չեմ, 4 տարի է արդեն՝ էս պատմության մեջ ենք, ախր Գոռիկն է մեղք»:
Դատին ներկա էր նաեւ «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ իրավաբան Քրիստինա Գեւորգյանը, որը, ներկայացնելով իրենց դիրքորոշումը, ասաց. «Վարչական դատարանի հայցը ձգձգվում է միայն այն պատճառով որ երեխան 10 տարեկան դառնա, ինքը որոշի, թե որ ծնողի հետ է ապրելու: Այս ժամանակահատվածում Գոռի թե՛ հայրը, թե՛ հորաքույրը եւ հորական կողմի մյուս ազգականները երեխայի ականջին մոր մասին անընդհատ բացասական տեղեկություններ են փսփսում, որ ինքն ասի, թե մոր հետ չի ուզում ապրել»:
Նա չհամաձայնեց պատասխանող կողմի փաստաբանի տեսակետին, թե այս խնդիրը բնակարանի համար է. «Բնակարանի խնդիրը բոլորովին այլ հարց է, մենք էստեղ ուզում ենք հստակեցնել, թե վերջապես երեխան փաստացի կերպով ում հետ պետք է բնակվի: Բնակարանի խնդիրը քաղաքապետի հաշվեկշռում է գտնվում, ոչ մի կերպ չի կարող կապ ունենալ երեխայի խնդրի հետ»:
Կարդացեք նաև
Դատարանը որոշեց հայցվորի դիմումը՝ բնակության վայրի հստակեցման հետ կապված. բավարարել: Սակայն դատական նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 25-ը, որպեսզի կողմերը հնարավորություն ունենան համապատասխան ապացույցներ ներկայացնել՝ գործի քննությունը շարունակելու համար:
ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ