Երեկ Գյումրու դրամատիկական թատրոնում Շիրակի մարզի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ ու պետական բյուջեի միջոցներով կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառը» մեկ անգամ եւս փաստեց այս քաղաքի անուշադրության մատնված ու կործանված լինելը: Գրեթե ողջ Գյումրին թատրոնի շենքում էր. այս քաղաքի բնակիչները զանգվածային՝ ահել, թե ջահել, աշխատանք փնտրողի կարգավիճակում են. չնայած նրանց մեծ մասն անցած տարիներին մասնակցել էր նմանատիպ միջոցառումների ու հիասթափված հեռացել, սակայն չմեռցնելով իրենց վերջին հույսը՝ նորից եկել էին բախտը փորձելու: 32 գործատուների կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերի ցանկը ընթերցելով՝ կարելի էր մեկ անգամ եւս համոզվել, որ վարպետների քաղաք Գյումրիում նույնիսկ արհեստավորներ այլեւս չեն մնացել: Օրինակ՝ «Ուստիան» ՍՊԸ-ն առաջարկում էր ծեփագործների, ներկարարների ու սալիկապատողների մի քանի տեղեր, նմանապես եւ այդ նույն մասնագետներին փնտրում են «Ախուրյան կոոպշին»-ում, «Արխտեղ-Շին» ՍՊԸ-ում, որոնցից ամեն մեկն առնվազն 4-7 թափուր աշխատատեղ ունեն: Սակայն եթե, այսպես ասած, ռեմոնտչիկները Ռուսաստանում են աշխատում, ապա Գյումրու ճանաչված կոշկագործներն ու դերձակները հարեւան Թուրքիայից տուն չեն վերադառնում. հենց նրանց շնորհիվ թուրքական արտադրանքը միջազգային շուկայում արագ տեմպերով սպառվում է, մինչդեռ բավականին մեծ խնդիր է Գյումրիում այս մասնագետներին գտնելը:
«Ինտրոմոդ» նորաձեւության կենտրոնի հիմնադիր Կարինե Մկրտչյանը եւս արհեստավոր է փնտրում, մեզ հետ զրույցում նա ասաց. «Անցած տարի, դուք հիշում եք, ես ունեի դերձակների ու մոդելավորողների տեղ, հիմա գտա իրենց, հիմա բավական հմուտ ենք, պատրաստ ենք ընդլայնել մեր գործունեությունը, բայց դրա համար կարիք ունենք մեկին, որը պետք է բանակցություններ վարի եւ մեծ թվով պատվերներ բերի: Եթե էդ մարդուն գտնենք, դրանից հետո էլի դերձակների ու մոդելավորողների կարիքը բնականաբար կառաջանա: Շատ մեծ է Գյումրիում արհեստավորների պակասը: Մենք քաղաքում ունենք ներքնաշորեր կարող վարպետների մեծ թիվ, բայց երբ որ արտահագուստի ենք անցնում, սա ուրիշ հմտություն է, ես էլ չէի պատկերացնում, որ էսպիսի վակուում կլինի: Մոդելավորողներն էլ մեր ակադեմիան են ավարտել, բայց էնտեղ պրակտիկ գիտելիքներ չեն տալիս, եւ ժամանակ է պետք, որ նրանք հմտանան»: Կարինե Մկրտչյանը եւս փաստեց, որ Գյումրիից Թուրքիայում աշխատող շատ դերձակներ կան: «Բայց գիտեք, Թուրքիայում մեծ գործարաններ են, մեկը հմտանում է մի պրոցեսի վրա, իսկ մեզ անհրաժեշտ է այնպիսի մեկը, որ կտիրապետի բոլոր պրոցեսներին, դրա համար բարդ է մարդ գտնելը: Բարդ է նաեւ պարտաճանաչ մարդ գտնելը, պարտաճանաչ մարդիկ էլ շատ դեֆիցիտ են Գյումրիում, կարող է նրանց հետ հարցազրույց նշանակես, նա չորս ժամ հետո գա, ու դա իր համար նորմալ լինի: Հիմա Գյումրիում էդպիսի իրավիճակ է, մոռացել են՝ աշխատելն ինչ է»,- ասաց Կարինե Մկրտչյանը: Բարձրագույն կրթություն ունեցող, միջինից փոքր-ինչ բարձր տարիքի գյումրեցիների մեծ մասն էլ դժգոհում էր, որ տոնավաճառն էլ իրենց չի փրկում, աշխատանքի ընդունող չկա: Մի տղամարդ նեղսրտեց. «Այս տոնավաճառը սին բան է, այստեղ գալիս են իրենց ապրանքները ցուցադրելու, օրինակ՝ նայեք, դուք կանգնած եք «Գյումրի գարեջրի» դիմաց, սա ռեկլամային ակցիա է, որոնք բերել իրենց շշերը շարել ու ասում են՝ մենք աշխատատեղ ենք ստեղծում, մենք էս ենք անում, էն ենք անում: Ես քանի տարի գնացել եմ չաշխատողների տեղ ու միշտ աշխատանք եմ փնտրել, բայց մի անգամ ծրագիր եղավ, գնացի մասնակցեցի, հիմա նորից գործազուրկ եմ, ուղղակի եկել եմ, որպեսզի հետո ինձ չդատապարտեմ, թե շանս կար, չօգտվեցիր»: Միջին տարիքի մի կին էլ մեզ տեսնելուն պես մոտեցավ ու բորբոքված ասաց. «Էսօր գործատուն բարակ, երկար ոտքերով, երկար վզերով գեղեցկուհիներ է ուզում, ընդ որում, մինչեւ 30 տարեկան: Ասա՝ գեղեցկուհիներն էստեղ ի՞նչ գործ ունեն, գեղեցկուհիներն իրենց տեղն ունեն, բնությունն իրենց արդեն իսկ օժտել է հնարավորություններով, այնպես որ, թող խելքները գլուխները հավաքեն ու երկիրը չդատարկեն»: Տիկինն ապշած էր, թե ինչպես կարելի է մինչեւ թոշակային տարիքը՝ 63 տարեկանը, մարդուն բախտի քմահաճույքին մատնել: Նա առաջարկում էր կամ մոտեցումը փոխել, ասենք՝ օրենսդրորեն տույժի ենթարկել այդպիսի հոգեբանությամբ գործատուներին, կամ երկրում թոշակային տարիքը պաշտոնապես սահմանել 31-ը: Թե աշխատանքի տոնավաճառը որքանով կօգնի գյումրեցիներին, այդքան էլ պարզ չէ: «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մամլո հաղորդագրության համաձայն՝ Շիրակի մարզում այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 9222, որից 2508-ը երիտասարդներ են: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 83,1 տոկոսը կամ 7660 մարդ: Ըստ պաշտոնական տվյալների՝ գործազուրկների մեծ մասը կանայք են, նրանց թիվը 5554 է, կամ գործազուրկների թվի 72,5 տոկոսը: Որքան էլ զարմանալի լինի, գործազուրկների մեջ մեծ թիվ են կազմում ինժեներները, հաշվապահները, ֆինանսիստները, մանկավարժները, տեխնիկները, վաճառողները, օպերատորները, վարորդները, նաեւ բուժքույրերը, սակայն նշենք, որ եթե որեւէ բուժքույր սխալվի ու դիմի Շիրակի մարզի որեւէ հիվանդանոց, անգամ ձեւի համար մի ազատ տեղ չի գտնի:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ