Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցով դատական նիստն էր՝ Ռուբեն Ափինյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ Սուրեն Զոլյանը դիմել էր դատարան` վիճարկելու կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը` իր լիազորությունները ռեկտորի պաշտոնում դադարեցնելու եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:
Դատարանում Սուրեն Զոլյանը նշեց, որ նախարարության կանոնադրությամբ՝ նախարարն իրավունք ունի հրամաններ արձակել՝ իր իրավասության շրջանակներում: Մինչդեռ նախարար Արմեն Աշոտյանը կամայական ձեւով փոխել է գործող կարգը:
Դատարանում ԿԳ նախարարության շահերը ներկայացնում էր նախարարության իրավաբանական վարչության պետ պարոն Բավեյանը: Նա ասաց, որ «գործուղման հրամանները ձեւակերպվել է բոլոր ռեկտորների գործուղումների ժամանակ, պարոն Զոլյանն այնպես է ներկայացնում, թե միայն իր գործուղումների հրամաններն է ձեւակերպել միայն պարոն Աշոտյանը: Նախարարությունն իրավունք ունի ուղղակի կառավարման, հանդիսանում է պարոն Զոլյանի գործատուն, նա պետք է ռեկտորի արձակուրդի հրամանը ստորագրեր»:
Կարդացեք նաև
Դատավորը խնդրեց ներկայացնել նախարարության եւ համալսարանի կանոնադրությունները:
Ըստ պարոն Բավեյանի, Զոլյանը խախտումներ է կատարել, այն է՝ խախտել է «Կրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, անհատական գրաֆիկով ուսուցման ձեւ օրենքը չի նախատեսում, ինպես նաեւ խախտել է «Բարձրագույն եւ հետբուհական ուսուցման մասին օրենքի» 9-րդ հոդվածի 6-րդ կետը: Զոլյանն էլ պնդեց, որ ինքը գործել է ՀՀ օրենսդրության շրջանակներում:
Նախարարության ներկայացուցիչը նաեւ պնդեց, որ Բրյուսովի նախկին ռեկտորը բարձրագույն կրթություն չունեցող դասախոսի է ընդունել աշխատանքի: Դատավորն էլ հակադարձեց, որ ակտում չկա, թե երբ է նա այդ դասախոսին ընդունել, իսկ դա ապացուցելու բեռը նախարարության ուսերին է դրված. «Ակտում չկա, իսկ ակտից էլ նույն բանը, թե չդիպլոմավորված անձին աշխատանքի է Զոլյանն ընդունել, քոչել է հրամանի մեջ»: Նախարարության փաստաբանը նաեւ նշեց, որ Զոլյանը առաջին կուրսի առաջին կիսամյակից դուրս մնացած ուսանողին վերականգնել է, ինչն օրենքն արգելում է:
Դատավոը հետաքրքրվեց՝ ինչի՞ համար եք երկու անգամ խիստ նկատողություն տվել Զոլյանին՝ առաջին անգամ խիստ նկատողություն, երկրորդ անգամ՝ էլի խիստ նկատողություն, կարգապահական տույժում պետք է նկատի ունենալ խախտման ծանրությունը: Պատասխանող կողմը նշեց, որ պարոն Զոլյանը թույլ է տվել օրենքի խախտում եւ առանց գործուղման թույլտվության՝ մեկնել. «Օրենքում նշված է, որ մեկ օր անհարգելի բացակայության դեպքում նախատեսվում է նկատողություն, քանի որ Զոլյանը 3 օր է անհարգելի բացակայել՝ խիստ նկատողություն է տրվել»: Դատավորի խոսքերով՝ «Պիտի նստեիք ծանր ու թեթեւ անեիք՝ ինքը պարտաճանա՞չ աշխատող է եղել, թե՞ չէ, նախկինում կարգապահական տույժեր ունեցե՞լ է, թե՞ ոչ: Եթե ինքը 3 օր չի եկել աշխատանքի, եթե դա անհարգելի է, դնեիք այդ հիմքով նկատողություն հայտարարեիք, երկրորդ խախտումը թույլ կտար, դասեր չէր քաղի, հետեւություններ չէր անի, կասեիք՝ այս անգամ ձեզ հայտարարում ենք խիստ նկատողություն»:
Դատավորը գտավ, որ նախարարի հրամանում նշված խախտումներից մեծ մասի վաղեմության ժամկետն անցել է:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 11-ին, ժամը 14.00-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ