Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորից՝ «ուղղափառներ»

Օգոստոս 30,2012 13:26

Երբ ընդդիմության ակտիվիստները հավաքվում են դատախազության մոտ եւ բողոքում են Տիգրան Առաքելյանին 6 տարով ազատազրկելու դեմ, դա նորմալ է: Երբ հասարակական ակտիվիստները պահանջում են պատժել «Հարսնաքարի» գործով բոլոր մեղավորներին, դա նույնպես բնականոն երեւույթ է: Ի դեպ, երկու ձեռքով միանում եմ այդ բողոքներին ու պահանջներին: Ես նաեւ կողմ կլինեմ, օրինակ, որ մարդիկ ցույց անեն, եթե հանկարծ որոշվի մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին ներում շնորհել կամ պայմանական-վաղաժամկետ ազատել, ինչպես որ առաջարկում են որոշ «մարդասեր» համայնքապետեր: Այդ բոլոր դեպքերում քաղաքացիները պահանջներ են դնում պետական մարմինների առջեւ, այսինքն` այն ինստիտուտների, որոնք գոյություն ունեն քաղաքացիների հաշվին եւ կոչված են ծառայելու նրանց շահերին:

Ուրիշ հարց, երբ քաղաքացիների տարբեր խմբեր ցույցեր են անում իրար դեմ` փորձելով իրար վզի փաթաթել սեփական պատկերացումներն այն մասին, թե ինչպես է պետք հավատալ Աստծուն, կամ որ Աստծուն է պետք հավատալ, նաեւ` ինչպես է պետք սիրել հայրենիքը եւ մարդկանց (նաեւ ֆիզիկապես): Այդ ամենն, իհարկե, կարելի է, պետք է քննարկել, ինչը, մասնավորապես, Հայաստանում արվում է մամուլում, կայքերում եւ սոցիալական ցանցերում, գրեթե չի արվում հեռուստատեսությամբ, բայց ոչ թե այն պատճառով, որ գոյություն ունի գրաքննություն, այլ պարզապես չկա նման քննարկումների սպառողը` ժողովուրդն ամբողջ խելքը տվել է սերիալներին: Բայց հիշյալ ոլորտները մարդկանց անձնական կյանքին, համոզմունքներին եւ տեսակետներին են վերաբերում, եւ այստեղ չեն կարող լինել դատավորներ ու «պահանջատերեր»:

Վերջերս, հատկապես Pussy Riot-ի կանանց հանդեպ «աստվածահաճո» դատավճռից հետո, Ռուսաստանում ակտիվացել են «ուղղափառները»: Ընդհանրապես, մեծ հարգանքով եմ վերաբերվում կրոնական այդ ուղղությանը, ինչպես եւ բոլոր ավանդական կրոնական հոսանքներին: Խոնարհվում եմ այդ ուղղությանը պատկանող ռուս փիլիսոփաների ու գրողների առաջ: Բայց այսօրվա «հանուն կրոնի մարտնչողներին» ես չակերտների մեջ եմ դնում, որովհետեւ նրանց վարքն, իմ կարծիքով, հակասում է քրիստոնեական արժեքներին: Այդ «ուղղափառները» փորձում են տապալել թատերական ներկայացումը, որն իրենց դուր չի գալիս, ներխուժում են թանգարան, որի ցուցանմուշներն իրենց սրտով չեն: Դա, ինձ թվում է, քաղաքացիական ակտիվություն չէ, դա, ավելի շուտ, հիշեցնում է հավատաքննչական արշավ, որն ակնհայտորեն խրախուսվում է այդ երկրի իշխանական որոշ շրջանակների կողմից:

Մեզանում նույնպես կան, ինչպես հայտնի է, «ուղղափառներ» ու «հավատաքննիչներ», որոնց հիմնական գործառույթն է հետեւել իրենց ձեւեով հասկացված եւ մեկնաբանված կրոնական կամ քաղաքական «հավատքի» մաքրությանը: Իսկական հավատքի, կրոնի, համոզմունքի հետ դա կապ չունի: Պարզապես աշխարհում շատ են մարդիկ, ում անունով անգլիացի բանաստեղծ Թոմաս Սթրենզ Էլիոթը անվանել է իր պոեմը` The Hollow Men («Փուչ մարդիկ»): Ի դեպ, այդ հեղինակին է պատկանում նաեւ հետեւյալ մետքը. «Ժողովրդավարությունը հաղթանակ է տոնել, եւ հիմա անհատականություն լինելն ավելի դժվար է դարձել, քան առաջ»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031