Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նորիկ Սարգսյան. երեխային մի քանի մեքենայով դպրոց բերող օրինախախտ ծնողները կպատժվեն (տեսանյութ)

Օգոստոս 30,2012 13:03

Այսօր ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում տեղի ունեցավ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի մամլո ասուլիսը` «Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակը և Ոստիկանության կողմից իրականացվելիք աշխատանքները» թեմայով: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Վրադիմիր Գասպարյանի ցուցումով հայտարարվել է «Զգուշացեք` երեխաներ են» խորագրով անվտանգ երթեւեկության միամսյակ` սեպտեմբերի 1-ից երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով:

«Այս տարի նույնպես Ոստիկանությունն անելու է ամեն ինչ` տուն-դպրոց եւ դպրոց-տուն ճանապարհին դպրոցականների անվտանգությունն ապահովելու հարցում, այն տարբերությամբ, որ այս անգամ անվտանգության ապահովման միջոցառումները տեւելու են մեկ ամիս: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տասնօրյա աշխատանքները բավարար չեն. նախորդ տարվա տասնօրյակի ընթացքում գրանցվել է երեխաների մասնակցությամբ Ճանապարհատրանստորտային 6 պատահար` 6 վիրավորներով, մինչդեռ տասնօրյակից հետո պատահարների թիվը հասավ  25-ի` 25 վիրավորներով եւ1 մահվան ելքով»,-ասաց Նորիկ Սարգսյանը:

Նա նշեց, որ օգոստոսի 15-ից ուսումնասիրվել են մայրաքաղաքի եւ մարզերի ճանապարհամերձ գրեթե բոլոր դպրոցները, որոնցից քառասունի մոտակայքում արվել են համապատասխան գծանշումներ: Բացի այդ, հանդիպումներ են կազմակերպվել դպրոցների տնօրենների հետ, ովքեր ներկայացրել են իրենց առաջարկները:

Նորիկ Սարգսյանի խոսքով` միայն Ճանապարհային ոստիկանության աշխատանքները բավարար չեն. «Յուրաքանչյուր քաղաքացու կոչ եմ անում իր  կարգապահությամբ օրինակ ծառայել մյուսների համար: Երեխաները պետք է գիտակցեն, որ ճանապարհային երթեւեկության կաննոնների պահպանումը բխում է իրենց անվտանգությունից,  իսկ ծնողներն էլ իրենց հերթին բացատրական աշխատանք պետք է տանեն երեխաների հետ: Վարորդներից պահանջում ենք զգոն լինել եւ չցուցաբերել շտապողականություն»:

Բանախոսը փաստեց, որ սեպտեմբերի 1-ին ծնողների մի մասը առաջին դասարանցիներին դպրոց են բերում մի քանի մեքենայով. «Դա ծնողի ընտրությունն է, բայց եթե երեխային իջեցնելուց հետո անմիջապես չազատեն ճանապարհի բանուկ մասը, կպատժվեն Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից: Ոչ մեկն անպատիժ չի մնալու: Մեքենան ճանապարհի բանուկ մասերում թողած վարորդները կտուգանվեն 15-20.000 դրամով: Ոստիկանների կարգախմբերում աշխատելու են նաեւ համայնքային ոստիկաններ եւ անչափահասների գծով տեսուչներ»:

Նորիկ Սարգսյանի համոզմամբ` պետք է հասնել վարորդների եւ հետիոտների միջեւ փոխադարձ հարգանքի հաստատմանը. «Հետիոտնը պետք է գիտակցի, որ անցակետի առկայության դեպքում չպետք  է միանգամից կտրի-անցնի ճանապարհը: Միայն տուգանելով արդյունքի չենք հասնի: Բացատրական աշխատանքներն արդեն տվել են արդյունքներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031