Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանն Aravot.am-ին տեղեկացրեց. «Ամեն բան նորմալ է: Մեր պատվիրակությանը Լոնդոնի օդանավակայանում դիմավորել է կազմկոմիտեն: Դիմավորողների մեջ եղել է նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչը: Օդանավակայանից մեր պատվիրակությունը մեկնել է օլիմպիական ավան, որտեղ օգոստոսի 26-ին թիմերի ընդունման ու ողջույնից հետո բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը: Արարողությանը մասնակցել են տեղի հայկական համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ: Ծանրորդ Գրետա Վարդանյանը օրական մարզվում է մեկ, իսկ լողորդ Մարգարիտա Հովակիմյանը՝ երկու անգամ»:
Գրետա Վարդանյանը, որ հանդես է գալիս 48 կգ քաշային կարգում, պայքարն սկսելու է սեպտեմբերի 1-ին, իսկ Մարգարիտա Հովակիմյանը (100 մետր բրաս ոճ) մեկնարկի է ելնելու սեպտեմբերի 5-ին: