Այրումի պահածոների գործարանն արդեն ընդունել է 570 տոննա դեղձ, ակնկալվում է, որ առաջիկայում եւս 100 տոնա դեղձ կմթերվի: Արդեն մի քանի օր է, ինչ գործարանը ընդունած բերքի դիմաց այգեգործներին մասնակի վճարում է կատարում:
Այս տարի Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում դեղձի լավ բերք կար, ընդհանուր բերքը` մոտ 4 հազար տոննա: Դեբեդի հովտի ծառերը թեքվել էին առատ բերքի տակ, շատ դեպքերում ճյուղերը ծանրությունից կոտրվել էին:
Պտղավանցի ֆերմեր, «Նոյեմբերյանի այգեգործների միություն» ՀԿ նախագահ Սպարտակ Զաքարյանն ասաց, որ ինքը 3 հա դեղձի այգի ունի, որից 2 հա-ն` բերքատու, 1 հա-ն էլ երիտասարդ այգի է: Նա ստացել է 40 տոննա դեղձ, որից 30 տոննան կիլոգրամը 50-60 դրամով մթերել է Այրումի պահածոների գործարան: Ս. Զաքարյանն ասաց, որ 10 տոննա դեղձ, իր ծանոթների միջոցով, խոշոր բեռնատարով ուղարկել է Հյուսիսային Կովկաս: Նա այս դեպքում որակյալ դեղձը հանձնել է կիլոգրամը 100 դրամով:
Կարդացեք նաև
Այս ամառ գյուղմթերքներ արտահանող ընկերությունները Նոյեմբերյանի տարածաշրջանից դեղձ չեն արտահանել: Սպարտակ Զաքարյանի խոսքերով՝ նման իրավիճակում Այրումի պահածոների գործարանի կողմից դեղձի ընդունումն աջակցություն էր պտղաբույծներին:
Նոյեմբերյանի այգեգործների միության նախագահն ասաց, որ Նոյեմբերյանի դեղձը իր շաքարայնությամբ զիջում է Արարատյան դաշտի դեղձին, գործարան հանձնած միրգն էլ ապրանքային լավ տեսք չուներ: Դեբեդի հովտի շատ պտղաբույծներ չկարողանալով իրենց դեղձը շուկայում իրացնել՝ ստիպված դրանից օղի են թորել: Ս. Զաքարյանն ասաց, որ 100 կիլոգրամ դեղձից 5 լիտր դեղձի սպիրտ է ստացվում, մեկ լիտրի շուկայական գինը 2500-3000 դրամ է, այսպիսով այգեգործները վնաս չեն կրել:
Հավելենք,որ մրգառատ այս տարում տնական օղի իրացնելը եւս խնդիր է դարձել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ