Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառք բաժանած ԲՀԿ անդամին միջնորդեցին 3 տարի պայմանական ազատազրկում

Օգոստոս 30,2012 12:03

Մեղադրող Հարություն Հարությունյանը

«Խնդրում եմ մեղմ վերաբերվեք»,- այսօր իր պաշտպանական ճառում Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանին այսպիսի խնդրանքով դիմեց ընտրակաշառք բաժանած ԲՀԿ անդամ Արմեն Մաթեւոսյանը՝ ընդունելով իր մեղքը:

Ինչպես ներկայացրեց մեղադրող կողմը, ԲՀԿ անդամը ընտրություններից առաջ 10 հազար դրամ կաշառք է տվել Երեւանի բնակիչ Ծովինար Կոստանյանին, 35 հազար դրամ կաշառք է տվել Հերիքնազ Ջիվանյանին, 15 հազար եւ 35 հազար դրամ էլ համապատասխանաբար տվել է Համբարձում Նազարյանին եւ Հակոբ Ասատրյանին՝ նրանց պարտադրելով իրենց ընտանիքի անդամների հետ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին, խոչընդոտել է ընտրողների կամքի ազատ արտահայտմանը:

Դատավարությանը կաշառք ստացած 4 վկաներից եկել էին երկուսը: Նրանք, տեսնելով, որ մյուս երկու վկաները չէին եկել, խուսափում էն իրենք էլ երեւալ, թույլ չէին տալիս Aravot.am-ին իրենց լուսանկարել, տեսանկարահանել: Վկաներից մեկը դատական նիստի ընդմիջման ժամանակ չցանկացավ պատասխանել մեր որեւէ հարցի: Նա շարունակ ասում էր՝ «աղջիկ ջան, գործ չունես, աղջիկ ջան, գործ չունես»: Մեր հարցին՝ Ձեր վրա ճնշումնե՞ր են գործադրվել՝ նա վստահեցրեց, որ ոչ:

Դատական նիստին ներկայացվեց, որ ընտրակաշառք բաժանած ԲՀԿ անդամն ամուսնացած չէ, ունի բարձրագույն կրթություն, չի աշխատում, նախինում դատվածություն չունի:

Փաստաբան Կարեն Կարապետյանը միջնորդություն ներկայացրեց դատական քննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ, մեղադրող կողմն էլ չառարկեց:

Դատավորը ամբաստանյալին հիշեցրեց, որ արագացված կարգով դատավարության դեպքում ուսումնասիրում են անձի բնութագրությունը, կատարված հանցագործության մեղմացուցիչ եւ ծանրացուցիչ հանգամանքները, չեն ուսումնասիրվում ապացույցները: Ըստ բնութագրի, Արմեն Մաթեւոսյանը դրական մարդ է, ընկերասեր է եւ այլն: Որպես մեղմացուցիչ հանգամանք՝ մեղմացուցիչ հանգամանք ընդունվեց նաեւ այն, որ նա անկեղծորեն զղջացել է կատարած հանցագործության համար:

Դատարանն անցավ վիճաբանությունների փուլին: Մեղադրող կողմն իր ճառում առաջարկեց Արմեն Մաթեւոսյանին ազատազրկել 3 տարով, սակայն այն չկիրառել, փորձաշրջան սահմանել՝ 3 տարի ժամկետով: Գործով իրեղեն ապացույց ճանաչված նոթատետրը, որտեղ ԲՀԿ անդամը գրել էր, թե ում ինչքան ընտրակաշառք է տվել, մեղադրող կողմն առաջարկեց պահել գործում: Փաստաբանը խնդրեց ազատազրկման փոխարեն սահմանել տուգանք:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 7-ին, ժամը 10.30-ին:

Փաստաբան Կարեն Կարապետյանն ու մեղադրյալ Արմեն Մաթեւոսյանը

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031