Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազության պատասխանը Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչներին

Օգոստոս 30,2012 11:50

«Դատախազությունն իր հերթին, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված նորմի պահանջը, որի համաձայն մենք ունենք երկօրյա ժամկետում այդ որոշումը դատախազին բողոքարկելու իրավունք, դրսեւորելով սույն գործի շահերից չբխող անհասկանալի փութաջանություն, գործը ստանալուց հետո երեք օր անց` օգոստոսի 23-ին, ուղարկել է դատարան` չսպասելով նույնիսկ մեր բողոքին: Որոշումը մեզ հանձնվել է օգոստոսի 23-ին, եւ մեկ օր հետո մենք ներկայացրել ենք մեր բողոքը դատախազություն»,- բողոքում են Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները։

Երեկ փորձեցինք պարզել՝ գլխավոր դատախազությունն ինչպես է վերաբերվում այս «մեղադրանքներին». գործի մինչդատական վարույթում տեղ գտած «բազմաթիվ կոպտագույն խախտումների» վերաբերյալ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների փաստարկները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը։

«Եթե կասկածներ ունեն կամ վիճարկում են քննության օբյեկտիվությունը, ապա տվյալ դեպքում փաստաբանները հնարավորություն ունեն իրենց կարծիքով կասկածահարույց բոլոր հարցերը քննարկման առարկա դարձնելու դատարանում։ Բաց դատավարության ընթացքում կողմերը կարող են ներկայացնել իրենց ապացույցները, որոնց համալիր քննարկման արդյունքում էլ ինչպես դատախազությունը, այնպես էլ դատարանը կներկայացնի իր վերջնական եզրակացությունը»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց գլխավոր դատախազի մամուլի խոսնակ ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆԸ։
Ինչ վերաբերում է նրան, որ դատախազությունը խախտել է քրեական դատավարության օրենսգիրքը՝ «կասկածելի փութաջանություն» դրսեւորելով գործը դատարան ուղարկելու հարցում, ապա, ըստ նրա, «նախաքննության օրինականության հսկողությունն իրականացնող դատախազը որեւէ խախտում թույլ չի տվել։
Օգոստոսի 20-ին գործը ուղարկվել է դատախազություն, նույն օրը՝ մակագրվել հսկողություն իրականացնող դատախազին։ Դատախազն ուներ հնգօրյա ժամկետ գործը դատարան ուղարկելու համար։ Քննիչը փաստաբանի միջնորդությունները մերժել էր ամսի 20-ին, ինչը երկօրյա ժամկետում կարող էր բողոքարկվել փաստաբանի կողմից։ Իսկ դատախազը միայն երրորդ օրն է հաստատել մեղադրական եզրակացությունը»։
Ընդսմին, ինչպես նշված է քննչական մարմնից ստացված տեղեկանքում, «մեղադրական եզրակացությունը դատախազություն ուղարկած քննիչը զանգահարել է փաստաբանին եւ ծանուցել, որ միջնորդությունները մերժվել են՝ ասելով, որ կարող է առձեռն տրամադրել այդ փաստաթուղթը։ Սակայն փաստաբանը հրաժարվել է՝ առաջարկելով փոստով ուղարկել։ Եվ, կրկնում եմ, միայն երրորդ օրը դատախազը գործը ուղարկել է դատարան։ Այսինքն՝ քրեադատավարական օրենսգրքի որեւէ խախտում տեղի չի ունեցել։
Փաստաբանն ասում է, թե չի ստացել տեղեկանքը։ Կներեք, բայց եթե քննիչը միջնորդությունների մերժման որոշումը նույն օրը ուղարկել է փաստաբանին, դատախազը չէր կարող մատից հոտ քաշել՝ ենթադրություններ անել, թե փաստաբանը երբ է ստացել կամ երբ է ստանալու այդ փաստաթուղթը։ Դատախազը գործում է օրենսգրքով սահմանված ժամկետների շրջանակում, եւ եթե փաստաբանը հիմքեր ունի՝ վիճարկելու դատավարական այս փաստաթղթի օրինականությունը, կարող է դա անել դատական նիստերի ընթացքում»,- փաստում է Ս.Տռուզյանը։
Ընդհանրապես պետք չէ մի բաժակ ջրում փոթորիկ սարքել. «Ի վերջո, կարծում եմ, փաստաբանները եւս շահագրգռված են դռնբաց դատավարության անցկացման հարցում, որի ընթացքում բոլոր կողմերը հնարավորություն կունենան ներկայացնել իրենց դիրքորոշումները թե՛ ձեռք բերված ապացույցների օրինականության, թե՛ լրացուցիչ ապացույցների ձեռքբերման վերաբերյալ։
Միայն դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների համալիր վերլուծության արդյունքում դատախազությունը կներկայացնի իր վերջնական եզրակացությունը որպես մեղադրանքը պաշտպանող կողմ, դատարանն էլ կտա իր վերջնական գնահատականը։ Չեմ կարծում, թե այսօրինակ շահարկումները կարող են նպաստել դատավարության օբյեկտիվությանը»։
Ինչ վերաբերում է փաստաբանների նկատառումներին, թե միջադեպի մասնակիցներին ներկայացված մեղադրանքներն անորոշ են, անհատական պատասխանատվության խնդիրը «լղոզված» է՝ պարզ չէ, ում հարվածն է մահաբեր եղել տուժողի համար, «քանի որ գործը ուղարկվել է դատարան, ճիշտ չեմ համարում «դատաքննություն» իրականացնել դատարանից դուրս»,- նկատում է գլխավոր դատախազի մամուլի խոսնակը՝ շահագրգիռ կողմերին խորհուրդ տալով զինվել համբերությամբ եւ սպասել դատական գործընթացին։

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031