Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկական սխալ չի արձանագրվել , բայց եղել է կալանավորում

Օգոստոս 30,2012 11:17

2008-2012թթ. Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 40 դեպք: Այդ մասին «Փաստինֆո» գործակալությունը տեղեկացրել էր օրեր առաջ: Արդյոք առողջապահության նախարարությունը վերլուծե՞լ է մայրական մահվան բոլոր դեպքերը, եթե այո, ապա եղե՞լ է բժշկական սխալ, որը պատճառ է դարձել մայրական մահվան։

Ի պատասխան առողջապահության նախարարությունից «Pastinfo.am»-ին տեղեկացրին, որ նախարարի ղեկավարությամբ նախարարությունում Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդ է գործում: Մայրական մահացության յուրաքանչյուր դեպքի մասին 3-օրյա ժամկետում տեղեկատվություն է տրամադրվում ՀՀ առողջապահության նախարարություն։

«Մայրական մահվան դեպքերի ճնշող մեծամասնության պարագայում նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն, քննչական բաժինների կողմից առգրավվում են բժշկական փաստաթղթերը»,- տեղեկացնում են նախարարությունից:

ԱՆ տվյալների համաձայն՝ վերջին տարիների մայրական մահվան դեպքերի մասնագիտական վերլուծությունների արդյունքում չեն արձանագրվել ախտորոշման և բուժման այնպիսի սխալներ, որոնք պատճառահետևանքային կապի ունեն մահվան պատճառի հետ։ Սակայն հայտնաբերվել են կազմակերպչական, գործելակերպային, դեոնտոլոգիական որոշ սխալներ և բացթողումներ, որոնց կապակցությամբ դեպքին առնչվող բուժաշխատողները ենթարկվել են որոշակի վարչական տույժերի, մասնավորապես «Ս. Աստվածամայր» ծննդատան տնօրենը, մանկաբարձական բաժանմունքի վարիչն ու ծննդաբերությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգները ազատվել են զբաղեցրած պաշտոններից, Մալաթիա բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիական բաժանմունքի վարիչին, հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ Աբովյանի ծննդատան անեսթեզիոլոգը մայրական մահվան հետ կապված 2012թ. հունիս ամսին կալանավորվել է։

Վերջերս դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել Սպիտակի Ջրաշեն գյուղի բնակչուհի, 20 շաբաթական հղի 43-ամյա Հրածին Մալխասյանի մահվան փաստով:

Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ հաշվի առնելով՝ դեպքը գտնվում է իրավապահ մարմինների վարույթում, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան, դեպքի կապակցությամբ իրենց ուսումնասիրությունների արդյունքները կհրապարակի միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Առողջապահության նախարարությունը մայրական մահացության այս դեպքի պատճառների և մասնագիտական հնարավոր սխալների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադր գործի վարույթի ավարտից հետո:

Իսկ ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Էրեբունու քննչական բաժնում այս գործով նախաքննությունը շարունակվում է:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031