Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Վենետիկի 69-րդ կինոփառատոնը

Օգոստոս 30,2012 11:09

Իտալիա - Վենետիկում տեղադրվում են 69-րդ կինոփառատոնի լոգոյով վահանակները, 28-ը օգոստոսի, 2012թ.

Հնդիկ ռեժիսոր Միրա Նաիրի «Արմատականը` սեփական կամքին հակառակ» ֆիլմով չորեքշաբթի երեկոյան բացվեց Վենետիկի 69-րդ կինոփառատոնը:

Պակիստանցի արձակագիր Մոհսին Համիդի համանուն գրքի հիման վրա նկարահանված այս ֆիլմը պատմում է Նյու Յորքում բնակվող պակիստանյան ծագմամբ բարեկեցիկ մի երիտասարդի մասին, որի կյանքն անդառնալիորեն փոխվում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո:

Այս տարի Վենետիկի փառատոնի կազմակերպիչները մրցութային ծրագրում համեմատաբար քիչ թվով ֆիլմեր են ընդգրկել` ընդամենը 18-ը: Դրանց ճնշող մեծամասնությունը, սակայն, աշխարհահռչակ ռեժիսորների նկարահանած կինոնկարներ են:

Մրցութային ծրագրում, օրինակ, ընդգրկվել է ժամանակակից կորեական կինոյի ամենավառ ներկայացուցչի` Կիմ Կի Դուկի «Պյետան»: Ռեկետով զբաղվող հանցագործի մասին պատմող այս ֆիլմը, քննադատների համոզմամբ, հաղթելու ամենամեծ շանսեր ունեցող փառատոնի մասնակիցների թվում է:

Հեռավորարեւելյան կինոյի եւս մեկ առանցքային ներկայացուցիչ` ճապոնացի Տակեշի Կիտանոն, Վենետիկում այս տարի ներկայացնում է իր «Անօրինությունը» ֆիլմը։

69-րդ փառատոնում բավական լայնորեն ներկայացված է ամերիկյան կինեմատոգրաֆը. նշենք, թեկուզ, Տերենս Մալիկի «Դեպի հիացմունքը» կամ Բրայան դե Պալմայի «Կիրքը»։

Դե Պալմայի ֆիլմի հերոսուհիները մասնավոր ընկերությունում բարձր դիրք զբաղեցնող երկու երիտասարդ կանայք են, որոնք կատաղի պայքար են մղում իրենց անմիջական ղեկավարի բարեհաճությանն արժանանալու համար: Այդ պայքարում նրանք չեն խորշում անգամ ամենատգեղ եւ հանցագործ մեթոդներից:

Կնոջ եւ տղամարդու հարաբերություններին է նվիրված նաեւ ռուսաստանցի Կիրիլ Սերեբրեննիկովի «Դավաճանություն» ֆիլմը: «Այն կարելի է բնութագրել որպես ֆիլմ-աղետ` կնոջ եւ տղամարդու հնարավոր հարաբերությունների մասին», – նշել է կինոնկարի պրոդյուսերը:

Քննադատները, սակայն, խիստ կասկածում են, թե Սերեբրեննիկովը կկարողանա կրկնել մեկ այլ հայտնի ռուս ռեժիսորի` Անդրեյ Զվյագինցեւի հաջողությունը, որը 2003-ին իր «Վերադարձը» ֆիլմի համար Վենետիկում արժանացավ միանգամից հինգ մրցանակի` այդ թվում «Ոսկե առյուծի»:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031