Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Մինչեւ հիմա ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի բերանից որեւէ մեկը լսե՞լ է որեւէ քննադատություն ՀՀԿ-ի հասցեին»

Օգոստոս 30,2012 10:35

Հատված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ հարցազրույցից:

 Իշխանությունը հասարակությանը նոր այլընտրանք է առաջարկում՝ ի դեմս ԲՀԿի. «եթե դեմ եք ՀՀԿին, քվեարկեք ԲՀԿի օգտին» տարբերակով։ Այդ սցենարը փորձարկվեց եւ լավ քննություն բռնեց 2007 եւ 2012 թթ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ հնարավոր է փորձարկվի նաեւ 2013-ին։ Դուք տեսնո՞ւմ եք նման հնարավորություն։

 

– Գիտեք, ես միշտ պնդել եմ, որ ԲՀԿ-ի հետեւում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, երբեք այն կարծիքին չեմ եղել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, եւ ես իմ այս դիրքորոշումն արտահայտել եմ մշտապես՝ թե հանրահավաքներում, թե մամուլում։ Ես Ձեր ասած սցենարի մեջ լուրջ վտանգ չեմ տեսնում, քանի որ այն հիմնավորումները, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, նույնիսկ հասարակության ամենաոչքաղաքականացված շերտերում չեն ընկալվում եւ ազդեցություն չեն թողնում։

Բայց ես չեմ բացառում, որ եթե ընդդիմության իրական հատվածը չկարողանա այլընտրանք առաջարկել իշխանությանը, ապա այդ դեպքում, աշխատեցնելով փողի գործոնը եւ այլ գործոններ, հասարակությունը կարող է ԲՀԿ թեկնածուին դիտել որպես իշխանության թեկնածուին հաղթելու ունակ թեկնածու եւ իր ինչ-որ մասով աջակցի նրան։ Սա ասելով հանդերձ, ես հույս ունեմ, որ նախընտրական շրջանում ընդդիմության դաշտում եւ հասարակության մեջ տեղի կունենա համախմբում, ներկա անորոշ վիճակը կզուլալվի, եւ կգտնվի իրական այլընտրանք, որովհետեւ հասարակության գիտակից հատվածը հասկանում է, որ ԲՀԿ-ն չի կարող լինել ՀՀԿ-ի իրական այլընտրանքը, որ անձերի փոփոխությունը, եթե անգամ երեւակայենք, որ կարող է տեղի ունենալ, ոչինչ չի տա հասարակությանը։ Մինչեւ հիմա ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի բերանից որեւէ մեկը լսե՞լ է որեւէ քննադատություն ՀՀԿ-ի հասցեին, որեւէ մեկը լսե՞լ է, որ ասվի, թե այս բանը նախագահ Սարգսյանը սխալ է անում, նրա կառավարությունը սխալ է անում, եւ եթե մենք գանք իշխանության, այլ ձեւով ենք անելու։ Ավելին՝ վերջին շրջանում իրենք ավելի շատ շեշտում են իրենց ոչ ընդդիմադիր լինելը։ Այնպես որ, հասարակությանն այդքան հեշտ չէ խաբել։

Ձեր հայտարարության մեջ ասել էիք, որ հասարակության հետ հանդիպելու եք փողոցում։ Հիմա սպասում եք, որ հասարակությունը փողոց դուրս գա, որ գնաք հանդիպելո՞ւ, թե՞ դուք եք փորձելու հասարակությանը փողոց հանել։

– Եթե հասարակությունն ինքնաբուխ փողոց դուրս կգա, ես կլինեմ նրանցից մեկը, եթե հասարակությունը կուզենա ինձ տեսնել առաջնորդի դերում, ես դա մեծ պատիվ կհամարեմ ու իմ պարտականությունը կանեմ սրբորեն։ Այո, ես ինքս փորձելու եմ համախմբել հասարակությանը, եւ այո, հասարակական լուրջ համախմբման միջոցով լուրջ փոփոխությունների հասնել։ Ես դա փորձելու եմ, բայց դրա համար պետք է նախ իմ թիմում տեսնեմ համապատասխան հոգեբանական մթնոլորտի առկայություն։ Ես պետք է տեսնեմ, թե հասարակությունը 2003-ի եւ 2008-ի նման պատրա՞ստ է հավատալ փոփոխությունների, որից հետո միայն կմտածենք նախագահական ընտրություններին լուրջ մասնակցություն ունենալու մասին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ 2013թ. նախագահական ընտրություններում «Հանրապետություն» կուսակցությունն ունենալու է շատ ակտիվ եւ լուրջ դերակատարում ու մասնակցություն։

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031