Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը Փակ շուկայի վերականգնման աշխատանքները համարում է կիսատ հաջողություն: «Տեսականորեն կարելի է ասել, որ շենքը փրկվեց, բայց էլի կիսատ քայլերով, վստահ չլինելով, որ 100 տոկոսանոց արդյունք կլինի, կիսատ հաջողություններ են, որովհետեւ պետական այն պաշտոնյաները , որոնք քաղաքը տասը տարի է այս վիճակին են հասցրել, դեռեւս ազատ կերպով գործունեություն են ծավալում թե՛ քաղաքապետարանում, թե՛ մշակույթի նախարարությունում»,- Aravot.am-ին ասաց Ս. Պետրոսյանը: Նա դժգոհեց, որ շուկայի վերականգնումը փակ է ընթանում, ու ոչ ոք հնարավորություն չունի պարզել, թե արդյոք իրականում վերականգնվում է նույնությամբ. «Հանրային զրոյական մասնակցություն է ապահովված, եւ մենք որեւէ ձեւով տեղեկացված չենք` ի՞նչ գործընթացներ են գնացել, չնայած, բազմաթիվ նամակներ ենք գրել, բայց դա նորմալ է, որովհետեւ այն գործելաոճը, որ քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունն ունեցել են նախկինում, նույն ոճով շարունակվում է: Հանրային իրազեկում չկա, միայն բանավոր տեղեկություններ են, իբր թե շենքը վերականգնվում է, բնականաբար ոչ մի վստահություն չունենք, որ դա հենց այդպես կլինի: Ճարտարապետը դժգոհեց նաեւ, որ չպատժվեցին ոչ ապօրինի շինթույլտվություն տրամադրած պաշտոնյաները, ոչ էլ շենքը քանդողը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև