Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, հիմք ընդունելով «Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՓԲԸ տնօրենների խորհրդի օգոստոսի 28-ի որոշումը, որոշել է Սվետլանա Բեգլարյանի` որպես Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրենի լիազորությունները համարել դադարեցված, նրա հետ աշխատանքային պայմանագիրը` լուծված եւ օգոստոսի 29-ից աշխատանքային պայմանագիր կնքել Գոհար Բարսեղյանի հետ: Վերջինս նույն երաժշտական դպրոցի ուսուցչուհի է, այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ, Գ. Բարսեղյանը տնօրեն է ընտրվել այդ խորհրդի կողմից: Հանձնող-ընդունող հանձնաժողովը գնացել է երաժշտական դպրոց, քաղաքապետի որոշման քաղվածքը հանձնել Սվետլանա Բեգլարյանին: Վերջինս, ծանոթանալով դրան, հայտարարել է, որ մինչեւ դատարանի վճիռ չլինի, ինքը հանձնում-ընդունում չի կատարելու եւ չի հանձնել դպրոցի կնիքը:
Իջեւանի քաղաքապետը մեզ հայտնեց, որ ինքն այս կապակցությամբ օգոստոսի 29-ին գրություն է ուղարկել ոստիկանության Իջեւանի բաժին: Ոստիկանությունից տեղեկացանք, որ քաղաքապետի դիմումը գրանցվել է եւ դրան օրինական ընթացք կտրվի: Ւջեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ մի շաբաթ առաջ «Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՓԲԸ վերստուգիչ հանձնաժողովը Սվետլանա Բեգլարյանից պահանջել է պետական աջակցությամբ 2008-2010 թվականներին ժողովրդական գործիքների խմբերում անվճար սովորած աշակերտների ցանկը, ինչպես նաեւ այդ գործիքներն ուսուցանած դասատուների հաստիքացուցակները: Ս. Բեգլարյանն ասել է, որ մշակույթի նախարարության աշխատակիցներն իրենց մոտ ստուգումներ կատարելով` իրենց հետ տարել են այդ փաստաթղթերը: Քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ ինքը գրավոր դիմել է մշակույթի նախարարին, որ եթե այդ փաստաթղթերը գտնվում են նախարարությունում, վերադարձվեն Իջեւան: Երկու օրից երաժշտական դպրոցում մեկնարկում է նոր ուսումնական տարին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև