Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Արցախ պուրակի տարածքում, Լոռիի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Շարմազանյանը, վարելով «Մերսեդես Բենս» մակնիշի 26 ՏՕ 197 համարանիշի ավտոմեքենան, բախվել է նշված հասցեում կայանված «Ֆոլ քսվագեն Պոլո» մակնիշի 33 SD 429 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Ըստ ֆոտոլրագրողի` կայանված «Ֆոլքսվագենը» պատկանում է Վանաձորի քաղաքապետի թեկնածու, 37-ամյա Տիգրան Գրիգորյանին, ով այդ ժամին ավտոմեքենան կայանել է նշված հատվածում, ապա փորձել է ստուգել, թե արդյոք իր գովազդային պաստառները պոկվա՞ծ են, թե՞ ոչ: Որոշ ժամանակ անց վերադառնալով ավտոմեքենայի մոտ` ականատես է եղել վթարին:
Ըստ Shamshyan.com-ի