«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այն կարծիքին է, որ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությունը՝ 18 տարին լրացած ու արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին էլ թույլատրել համապետական ընտրություններին մասնակցել, ռիսկային է:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից գրավոր դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին` ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով: Ըստ այդ հոդվածի` քվեարկության օրը Հայաստանից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել համապետական ընտրություններին, ինչը արգելում է Սահմանադրության 30-րդ հոդվածը:
«Հայկական ինքնության պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության ամբողջականության տեսանկյունից այդ հարցը քննարկման է արժանի, բայց միեւնույն ժամանակ ունենք Հայաստանից դուրս բնակվող շատ քաղաքացիներ, որոնք կարող են ենթարկվել ճնշումների՝ թե իրենց ապաստան տված պետությունների ներսում, թե նաեւ Հայաստանի որոշ ուժերի կողմից: Դրա համար ավելի լավ է պահպանել հետեւյալ երկակի օրենքը, որ քվեարկում է նա, ով երկրի քաղաքացի է ու բնակվում է այդ երկրում»,- Aravot.am-ին ասաց տիկին Սեդրակյանը:
Նրա խոսքերով, հարցը պետք է քաղաքական փորձաքննության ենթարկվի, իսկ «Ժառանգություն» խմբակցությունը պետք է ներկայացնի իրենց առաջարկության բոլոր հիմնավորումները ու հարցը համակողմանի քննարկվի:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ