ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ նրան ուղեկցողի հետ կատարված միջադեպի առնչությամբ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին դիմել է ոչ միայն ԱԺ էթիկայի հանձնաժողով, այլ նաեւ՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին նշեց, որ հանձնաժողովին կոնկրետ հարց է ուղղել, թե ինչքանո՞վ են հավանություն տալիս Սամվել Ալեքսանյանի կատարած գործողությանը: Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանը հունիսի 21-ին՝ ժամը 09:35-ի սահմաններում ԱԺ մուտքի մոտ միայնակ ակցիա անցկացնող Վարդգես Գասպարիի ձեռքից խլել էր «Ռ. Հայրապետյան՝ Նեմեց, մարդասպան» կարգախոսով ցուցապաստառը, իսկ նրան ուղեկցող երիտասարդը հրելով գետնին էր գցել նրան:
Մեր հարցին, թե ԱԺ Էթիկայի հանձնաժողովից ի՞նչ ակնկալիքներ ունի՝ Վ. Գասպարին պատասխանեց, որ ակնկալիքները չափազանց քիչ են. «Չեմ կարող ասել զրո են, որովհետեւ թեկուզ ձեւ անելու համար մի բան պիտի անեն: Որ ասեմ շատ ակնկալիքներ ունեմ՝ այդպես չի: Քանի որ այնտեղ հարցի քննարկումից հետո որոշումը լինելու է քվեարկության արդյունքներով, իսկ այնտեղ կան Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը, նրանք, բնականաբար ճիշտ գնահատական կտան, իսկ նրանք (նկատի ունի ՀՀԿ ներկայացուցիչներին) կպաշտպանեն Սամվել Ալեքսանյանին: Հուսով եմ, որ այդ խնդիրը գոնե կարծարծեն, դարակում չեն թողնի, այդքան բան»: ԱԺ Էթիկայի հանձնաժողովը վաղը նիստ է հրավիրելու եւ հնարավոր է քննարկվի նաեւ այդ հարցը:
Քանի որ միջադեպը վերաբերում է մարդու իրավունքների ոտնահարմանը, այս խնդրի հետ կապված Aravot.am-ը խնդրել էր նաեւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին տալ իր գնահատականը: Նա պատճառաբանել էր, որ ինքն իրավունք չունի միջամտել, քանի որ քննությունն ընթացքի մեջ է: Բացի այդ, պաշտպանը նշել էր, որ Վարդգես Գասպարին իրենց չի դիմել . «Մենք նման դեպքում կարող ենք փաստել, որ կա մարդու նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն եւ իրեն պաշտպան չեն տրամադրում: Մենք մեր սահմանափակ կարողությունների շրջանակում այստեղ անելիք չունենք: Մենք տեղյակ ենք, որ կա քննություն կոնկրետ միջադեպի` 2 անձանց միջեւ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ