Այսօր Aravot.am-ը տեղեկություններ ստացավ այն մասին, որ Գյումրիում հնչած կրակոցների պատճառով Վարդան Ղուկասյանի թիկնապահներից մեկի` Հարություն Համբարյանի ձերբակալումից հետո ոստիկանությունը դադարեցրել է Գյումրու քաղաքապետի թիկնազորի լիազորությունները: Այլ կերպ ասած` քաղաքապետին այլևս արգելել են ման գալ թիկնապահներով: Նրանց զինաթափել են ու Վարդան Ղուկասյանին առաջարկել` եթե քո անվտանգության մասին ես մտածում, ապա անհրաժեշտության դեպքում դիմիր մեզ` քեզ ոստիկանական պահակախումբ կառաջարկենք:
Նշենք, որ իր դեմ կատարված մահափորձից հետո, պարոն Ղուկասյանը թիկնապահների մեծ խմբով էր ման գալիս, նրան ուղեկցում էին մոտ 5 հոգի:
Մենք այս տեղեկատվությունը ճշտեցինք նաև ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության կապերի վարչությունից, որտեղից մեզ փոխանցեցին, որ Գյումրու քաղաքապետը պայմանագրային հիմունքներով ուներ թիկնազոր, որի պայմանագրի ժամկետը լրացել է , ու ոստիկանությունը այն չի թարմացրել: Այսինքն քաղաքապետի պահպանության բաժնի աշխատակիցները եղել են ոստիկաններ:
Նշենք, որ, ըստ մեր աղբյուրների, քաղաքապետը միջնորդ է փնտրում երկրի նախագահի հետ հանդիպելու ու որդու վիճակը մեղմացնելու նպատակով:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ղուկասյաններին պատկանող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց տեղի ունեցած հաշվեհարդարի ու հնչած կրակոցների պատճառով քրեական գործ է հարուցվել նաև քաղաքապետի որդու` Սպարտակի դեմ: Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն կատարելու մեջ, որը նախատեսում է 4 –ից մինչև 7 տարի ազատազրկում, և 235 հոդվածի 1-ին մասով, որը սահմանում է . «ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից, և դրա փամփուշտներից, ռազմամթերք ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը , իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը `պատժվում է կալանքով ` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով»:
Հիշեցնենք, որ քաղաքապետի որդին հետախուզման մեջ է :
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ