Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշապատի դպրոցի տնօրեն. Աշակերտ/թվով ֆինանսավորումն արդարացված չէ ավագ դպրոցի պարագայում

Օգոստոս 29,2012 17:45

Aravot.am-ը ավագ դպրոցների մանկավարժների եւ տնօրենների խորհրդակցությանը ներկա որոշ տնօրեններից փորձեց ճշտել, թե ինչ խնդիրներ ունեն, որոնց մասին կուզենային բարձրաձայնել:

Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը (լուսանկարում) մեզ հետ զրույցում ասաց, որ իր առաջարկները կուզենար հնչեցնել ավելի փոքր լսարանում: Նրան մտահոգում էր, օրինակ, ավագ դպրոցների ֆինանսավորման խնդիրը: «Աշակերտ/թվով ֆինանսավորումն արդարացված չէ ավագ դպրոցի պարագայում, որովհետեւ չի փակում ծախսերը եւ ավելորդ ազդում է որակի վրա, քանի որ ստիպված ենք լինում ցածր առաջադիմությամբ աշակերտներին հանդուրժել՝ ֆինանսական խնդիրներ լուծելու համար»,-նշեց տնօրենը:

Նա հավելեց, որ ուսումնասիրելով ամերիկյան high school-ը , գերմանական գիմնազիոնները, լեհական նմանօրինակ կրթօջախները, եկել է այն եզրակացության, որ ավագ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները ավագ դպրոցում հերոսական աշխատանք են կատարում ու հաճախ համապատասխան կրթական միջավայր չունենալով՝ բովանդակայինը տանուլ չեն տալիս:

Կարեւորելով աշակերտների մշտական պատրաստվածությունը՝ Գայանե Սաֆարյանն առաջարկում է ավագ դպրոցում ներդնել կրեդիտային համակարգ. «Եթե մենք ուզում ենք ավագ դպրոցով ինտեգրվել Եվրոպական կրթակարգին, պետք է մյուս բաներն էլ վերցնենք, թե չէ՝ միայն անունը բավական չէ: Հարկավոր է աշակերտների մոտիվացիա ստեղծել, որ նրանք հաճախեն դպրոց, այլ ոչ թե գնան լրացուցիչ պարապմունքների: Իսկ դրա միակ ճանապարհը կրեդիտային համակարգին անցնելն է, որի մեջ կարեւոր միավորային տեղ պետք է ունենա աշակերտի ներկայությունը»:

Վաղարշապատի դպրոցի տնօրենը համոզված է՝ դասին ներկա գտնվող աշակերտը հաստատ նվազագույն գիտելիքը կվերցնի, եթե մտավոր հետամնաց չէ.« Իսկ ավագ դպրոց, որպես կանոն, այդպիսիք չեն դիմում»:

Նա առաջարկում է, որ երեխան ոչ միայն կրեդիտներ հավաքի, այլեւ նրա հասարակական ակտիվությունը դպրոցում գնահատվի. «Այդ ժամանակ նա ավագ դպրոցից ոչ մի քայլ չի հեռանա: Երեխան դպրոցից դուրս ոչինչ չի փնտրի, երբ դպրոցում պետք է կուտակի կրեդիտը եւ դրանով գնա մասնակցի բուհական մրցույթին»:

Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի տնօրեն Սամվել Երանյանը օգոստոսյան խորհրդակցությունները կարեւորում է նրանով, որ ուրիշների բարձրացրած խնդիրների արդյունքում իր դպրոցի խնդիրների համար էլ է լուծում գտնվում: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բոլոր դպրոցների խնդիրները ընդհանուր են, հետեւաբար հատուկ առաջակով չի ներկայացել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031