«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» տնօրինությունն «Առավոտին» է ուղարկել իրենց պատասխանը՝ «Կապանի ապագան որոշում է կապանցին» քաղաքացիական նախաձեռնության այսօր տարածած հայտարարությանը՝ սեպտեմբերի 2-ին Կապանում քարոզարշավի ընթացքում ՀՅԴ անդամ Արտուր Աթայանի և «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության կազմակերպած համերգի առնչությամբ, որին մասնակցելու է Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ: «Մեզ չի անհանգստացնում այն փաստը, որ Կապանում սեպտեմբերի 2-ին ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը կազմակերպում է համերգ՝ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ (դա ընտրություններում ընդունված քարոզչական հնարք է), բայց մենք անընդունելի ենք համարում այս ընտրական փուլում օտարերկրյա ընկերության կամ օտարերկրացու ֆինանսական կամ այլ տիպի օժանդակություն որևէ թեկնածուի օգտին»,- ասված էր հայտարարության մեջ:
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» տնօրինության պատասխանում նշված է. «Մենք հերքում ենք այդ հայտարարությունը՝ տալով հետևյալ պարզաբանումը.
«Դինո Գոլդ Մայինինգ Քամփնի» ՓԲԸ հովանավորում է հայ ազգի հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանի համերգը՝ համագործակցելով Կապանի քաղաքապետարանի, այլ ոչ թե որևէ քաղաքական կուսակցության ներկայացուցչի կամ թեկնածուի հետ:
Ինչպես նախկինում՝մենք հովանավորել ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնցից էին՝ Ամանորի կապակցությամբ Կապանի երեխաների համար կազմակերպված համերգը, Կապանի օրվան նվիրված համերգը, այս անգամ ևս մենք հովանավորում ենք Գիտության օրվան նվիրված այս միջոցառումը ՝աշակերտների, ուսանողների և ուսուցիչների համար:Մենք կտրականապես հերքում ենք այս հոդվածում զետեղված ոչ ճշգրիտ և անհիմն տեղեկատվությունը»: