Բեյրությում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց, որ նախօրեին Դամասկոսում սպանված երեք հայազգի տղամարդկանց դիերը դեռեւս չի հաջողվում դուրս բերել հակամարտության գոտուց:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հաղորդել էր, որ Սիրիայի մայրաքաղաքի Ջոբար թաղամասում, անհայտ հանգամանքներում սպանվել են հայազգի երեք քաղաքացիներ՝ 49-ամյա Պետրոս Մաթոսյանը, 46-ամյա Գեւորգ Մաթոսյանը եւ 22-ամյա Լեւոն Պետրոսի Մաթոսյանը։
Դամասկոսում գտնվող Հայոց առաջնորդարանը հայտնել էր, որ ջանում է սպանված հայերի դիերը դուրս բերել հակամարտության տարածքից։ Քանդահարյանը նշեց, որ հայկական համայնքի ներկայացուցիչները հարմար պահի են սպասում, որպեսզի կարողանան մտնել հակամարտության տարածք: Դամասկոսի այդ հատվածում մարտեր են ընթանում կառավարության ու ապստամբների զորքերի միջեւ:
Սիրիայում կառավարության ու ընդդիմության միջեւ ծավալվող հակամարտության պատճառով հայկական համայնքի մարդկային կորուստները հասան 14-ի: Անցած շաբաթ հայկական համայնքը եւս մեկ զոհ էր ունեցել հայաշատ Հալեպ քաղաքում:
Կարդացեք նաև
Բերիո թեմի ներկայացուցիչ Ժիրայր Ռեիսյանն ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ հայկական համայնքը չեզոքություն է պահպանում։
Նաիրա Բուլղադարյան