Գազի գնի թանկացման շուրջ քաղաքացիների անհանգստությունները գնալով ավելանում են. ոմանք մտադիր են նույնիսկ փայտի վառարանները պատրաստել` ձմռան ծախսերի տակից դուրս գալու համար:
Կամո Վարդանյանը, որն ապրում է Քանաքեռ թաղամասում, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հաշվարկել է ու պարզել, որ բնակարանը փայտով ջեռուցելը մի քանի անգամ էժան է նստելու, հատկապես, եթե փայտը այս սեզոնին գնես: Քաղաքացու ներկայացմամբ, 70 հազար դրամի փայտ գնելու դեպքում ինքն իր բնակարանը կարող է ջեռուցել 3-4 ամիս, մինչդեռ ցուրտ եղանակին ամսական 50-60 հազար դրամի գազ է վառել. «Թանկանալու դեպքում, այդ 50-60 հազարը գրեթե կրկնապատկվելու է եւ եթե շատերս հրաժարվեցինք էլեկտրաէներգիայով ջեռուցումից` գերադասելով գազը, քանի որ էժան էր, ապա գազի թանկացման պայմաններում բոլորովին ձեռնտու չէ վառելիքի այդ տեսակը նույնպես: Քաղաքակիրթ աշխարհն առաջ է գնում, մենք` հետ: Մութ ու ցուրտ տարիներից մնացած վառարանները պատրաստել ենք»:
Թե որքանով կբարձրանա գազի սակագինն, առայժմ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա: Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ այսօր էներգետիկայի նախարարության մամուլի բաժնից պատասխանեցին, որ ռուսական կողմի հետ բանակցություններն ընթացքի մեջ են եւ դեռեւս վերջնական որոշման չեն եկել. «Կորոշվի` կտեղեկացնենք»:
Ոչ պաշտոնական տեղեկություններով, Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրանալու է` 1000 խմ-ի դիմաց մոտ $100-ով: Այսինքն` ներկայիս $180-ի փոխարեն կդառնա $280: Ըստ որոշ լուրերի, 2013 թվականի հունվարի մեկից էլ 1000 խմ-ի դիմաց կվճարենք $320:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ