Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում մասնակցելով նախարարության ենթակայության դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը՝ ասաց, որ ստիպված է շուտ գնալ միջոցառումից, քանի որ ԿԳ նախարարության կատարողականի քննարկումն է վարչապետի մոտ, որից անմիջապես հետո պետք է կառավարությունում ներկայացվեն ԿԳՆ առաջին կիսամյակի աշխատանքները:
Մանկավարժներին շնորհակալություն հայտնելով նախորդ ուսումնական տարվա համար, նախարարը փաստեց, որ բոլոր խնդիրներով հանդերձ, կարողացել են անցնել 12-ամյա կրթական համակարգին: Նաեւ չթաքցրեց. «Անցյալ տարի մենք ունեցանք 12-րդ դասարան, իհարկե այս փոփոխության հանրային ընկալումը դեռեւս միանշանակ եւ վերջնականորեն դրական չէ, ինչի վերաբերյալ ունեմ իմ անձնական բացատրությունները: Բայց ուզում եմ նորից շեշտել, որ 12-ամյա կրթությունն այլընտրանք չունի: Վերջ դնելով տարաբնույթ եւ ցածրարժեք խոսակցություններին, թե իբր նորից անցնելու ենք 10 կամ 11-ամյա կրթությանը, ուզում եմ հերթական անգամ ասել՝ 12- ամյա կրթությունը Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգում այլընտրանք չունի: Մեր բոլոր ընդդիմախոսները ավելի օգտակար գործ կանեն, եթե օգնեն մեզ իրենց քննադատությամբ բարելավել 12-ամյա կրթության որակը եւ ոչ թե պայքարեն այդ կրթական համակարգի դեմ: Շեշտենք հետեւյալը՝ մենք փորձարկման ռեժիմում ենք գտնվում: Ես չեմ կարող շատ պատկառելի լրագրողական հանրույթի ներկայությամբ հրապարակավ ասել, որ 12-ամյա կրթությունը Հայաստանում կայացել է: Ինչպե՞ս կարող եմ նման բան հայտարարել, եթե իրականում առաջին դասարանը, որ ընդունվել է 12-ամյա կրթության ծրագրով, մենք ունեցել ենք 2006 թվականին, ու փաստացի 2018-ին նոր կունենանք լիարժեք 12-ամյա կրթության առաջին պտուղները: Ձեզ հետ միասին հետեւողական աշխատանք պիտի տանենք առարկայական ծրագրերի, դասագրքերի, դասավանդման մեթոդների, գնահատման համակարգի բարելավման ուղղությամբ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ