«Սիրայում «Մահմեդական եղբայրության» իշխանությունը հաստատվելու դեպքում բոլոր քրիստոնյաները ստիպված կլինեն լքել երկիրը»
«Սիրիայում չդադարող բռնությունների պատճառով Հայաստան ժամանած սիրիահայերին մտահոգում է այն հանգամանքը, որ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի անկման դեպքում երկրում իշխանությունն իր ձեռքը կվերցնի «Մահմեդական եղբայրություն»-ը»:
Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, որը սիրիահայերին նվիրված իր հոդվածում մեջ է բերում Հայաստան ժամանած սիրիահայերից մեկի խոսքը, որի համաձայն Սիրայում «Մահմեդական եղբայրության» իշխանությունը հաստատվելու դեպքում բոլոր քրիստոնյաները ստիպված կլինեն լքել երկիրը:
Կարդացեք նաև
«Սիրիայի ապստամբները վանկարկում են «Ալևիներին՝ դագաղ, հայերին՝ Բեյրութ» կարգախոսները», – «Հուրիեթ»-ի թղթակից Վերժիհան Զիֆլիօղլուի հետ ունեցած զրույցում նշել է Սիրիայից Հայաստան ժամանած անձանցից մեկը՝ հավելելով. «Քրիստոնյա բնակչության դեմ այժմ հարձակումներ չեն իրականացվում, սակայն նրանց [«Մահմեդկան եղբայրության] իշխանության գլուխ անցնելն աղետալի հետևանքներ կունենա: Այս դեպքում քրիստոնյա բոլոր համայնքները, ներառյալ հայերին, ստիպված կլինեն հեռանալ Սիրիայից»:
Պարբերականի լրագրողի զրուցակիցը նշել է նաև, որ վտանգի տակ կլինեն ոչ միայն քրիստոնյաներն, այլ նաև ալևիները: «Սունիների և ալևիների միջև հակամարտությունն անխուսափելի է: Թուրքիան սատարում է Ասադի անկումը, սակայն միաժամանակ չի ցանկանում քրդական անկախ պետության ստեղծումը: Հայ համայնքը չի ցանկանում, որ Սիրիան մասնատվի»:
«Չնայած սիրիահայերի դեմ կանգնած երկընտրանքի, Հայաստանի սփյուռքի նախարարությունը Սիրիայից փախուստի դիմողների վերաբերյալ դեռևս հստակ քաղաքականություն չի մշակել և չի հայտնել որևէ պաշտոնական տվյալ Սիրիայից երկիր ժամանածների մասին»՝ գրում է «Հուրիեթ»-ի հեղինակը՝ նշելով, որ սիրիահայերն այնուամենայնիվ բնակության թույլտվություն ստանալու հետ խնդիր չեն ունեցել:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»