Այսօր` օգոստոսի 29-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ 23-ամյա Կարեն Մկրտչյանը, վարելով «Մերսեդես C 230» մակնիշի ավտոմեքենան , Սողոմոն Տարոնցի նրբացքի 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Ս.Տարոնցի 12 շենքի բնակիչ` 12-ամյա Արա Սուրենյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12-ամյա երեխան տեղափոխվել է սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Բժիշկները Գ. Շամշյանին հայտնել են, որ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Վրաերթից հետո ավտոմեքենան բախվել է նշված հասցեի դիմացի էլեկտրասյանը: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ՈՔԳ վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը: Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենան տեղափոխվել է Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանման տարածք:
Գ. Շամշյանը հայտնում է, որ վրաերթի վայրից իրեն պատմել են, որ Կ.Մկրտչյանի հայրը Ոստիկանության համակարգի աշխատակից է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի