Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի պաշտոնյաներն՝ ընդդեմ Փասադենայում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի

Օգոստոս 29,2012 15:51

«Ես ցնցված եմ այն հանգամանքով, որ Թուրքիան փորձում է ներգրավել Փաստադենա քաղաքը մերժման իր արշավում». կոնգրեսական Շիֆ

«Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների համաձայն, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշահամալիրի կառուցումը վիրավորական է թուրք ժողովրդի համար, իսկ «ցեղասպանություն» եզրը պատշաճ է պատմաբանների քննարկումներում օգտագործվելու դեպքում»:

Այս մասին գրում է «Փասադենա ստար նյուզ» պարբերականը, որի համաձայն մասնավոր միջոցներով քաղաքի Հիշատակի այգում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու առաջարկության կապակցությամբ Փասադենա այս տարվա օգոստոսի սկզբին Թուրքիայի փոխհյուպատոս Արիֆ Չելիքի կատարած այցն առաջացրել է տեղի հայերի խիստ քննադատությանը:

«Օտարերկրյա կառավարության կողմից մեր տեղական գործերի մեջ խառնվելը բացարձակապես չի համապատասխանում  մեր քաղաքի արժեքներին», – ասել է Փասադենայում գործող Հայ համայնքի կոալիցիայի նախագահ Խաչիկ «Քրիս» Չահինյանը՝ հավելելով. «Սա Անկարայի արվարձանը չէ: Փասադենան ամերիկյան քաղաք է, որն արդեն ավելի քան 120 տարի ինչ հարազատ է դարձել հայերի համար»:

«Փասադենայի քաղաքապետարանի պաշտոնյաներն ընդունել են այն հանգամանքը, որ Չելիքն օգոստոսի 9-ին այցելել է քաղաքի փոխկառավարիչ Ջուլի Գուտերեսին: Հանդիպման ընթացքում Չելիքը հարցրել է հուշահամալիրի կառուցման համար թույլտվության գործընթացի մասին», – գրում է թերթը:

Ըստ պարբերականի, հայ համայնքի առաջնորդներն աշխատում են քաղաքի պաշտոնյաների հետ՝ Հայոց ցեղասպանության 2015 թվականին լրացող 100-րդ տարելիցի կապակցությամբ ցեղասպանության զոհերի հիշատակին հուշահամալիր կառուցելու հարցում, սակայն քաղաքապետարանին պաշտոնապես որևէ նախագիծ դեռևս չի ներկայացվել:

Հայոց ցեղասպանության բանաձևի հիմնական հեղինակներից մեկը՝ ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆն ասել է, որ ամբողջ աշխարհում պատմաբանների կողմից ընդունված են Հայոց ցեղասպանության «պարզ փաստերը»:

«Ես ցնցված եմ այն հանգամանքով, որ Թուրքիան փորձում է ներգրավել Փաստադենա քաղաքը մերժման իր արշավում»,  – գրում է թերթը՝ մեջբերելով կոնգրեսական Շիֆի խոսքերը: – «Սա նույն առակն է, որը նրանք փորձում են առաջ քաշել արդեն մոտ մեկ դար: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հանգամանքը անընդհատ կրկնվող ծանր վիրավորանք է մնում»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի գործադիր տնօրեն Ուիլյամ Բայրամյանի համաձայն, անընդունելի է, որ օտարերկրյա կառավարությունը փորձի միջամտել ամերիկյան քաղաքի քաղաքականության մեջ:

«Մեր կազմակերպությունը հիմնվել է այն համայնքների կողմից, որոնք ստեղծվել են ԱՄՆ-ում՝ Հայոց ցեղասպանության հետևանքով: Մենք այստեղ ենք և մենք գործում ենք որպես Միացյալ Նահանգների քաղաքացի», – «Փասադենա ստար նյուզ»-ի փոխանցմամբ՝ ասել է Բայրամյանը:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031