Լրահոս
Օրվա լրահոսը

Ախթալան` խորովածի կենտրոն

Օգոստոս 29,2012 14:33

Սեպտեմբերի 8-ին Ախթալա քաղաքում անցկացվելու է խորովածի համահայկական չորրորդ փառատոնը: Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ մենք ազգային ուտեստների լուսաբանման եւ տարածման խնդիր ունենք, իսկ փառատոնը մի հարթակ է, որտեղ կարող ենք ներկայացնել մեր երկիրը. «Այս ձեւը ընդունված է բոլոր տեղերում: Սա առիթ է, որ մարդիկ շփվեն իրար հետ: Երկրորդ իմաստը տարածաշրջանների հավասար զարգացումն է: Այս տարի փառատոնին սպասվում է զբոսաշրջիկների մեծ հոսք»:

Մամուլյանի խոսքով՝ մասնակցության համար դիմել են Գերմանիայից, Վրաստանից: Նրանք ավելի շատ կլինեին, եթե չլիներ կանոնադրության բացակայությունը, սակայն «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահը խոստանում է` փառատոնի հաջորդ օրվանից կմտածեն այդ մասին: Չնայած դրան, նա նկատեց, որ անցյալ տարիների համեմատ, այս տարի մասնակիցների թիվն  ավելացել է, բայց կարեւորը դա չէ, այլ թիմերի պատրաստվածությունը:
«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն ասում է, որ խորովածի փառատոնի նպատակը Հայաստանի ներկայացումն ու զբոսաշրջիկների համար հետաքրքրություն մտցնելն է: Կարծում է, որ փառատոնը քարոզչական է եւ թեկուզ եթե վատն են խոսում` ուրեմն այն կայացել է. «Պրակտիկան ցույց է տվել, որ ամեն ինչ պետք է լինի վճարովի: Քաղաքացիները կգնեն տոմսեր եւ կմեկնեն այնտեղ, իսկ խորոված համտեսելու համար կվճարեն տեղում»:
Բացի կերուխումից, լինելու է նաեւ շոու- ծրագիր, որին մասնակցելու է նաեւ The Beautified Project հայկական ռոք խումբը:
«Դեռ մեր նախնիները գնացել են եկեղեցի եւ հետո դուրս են եկել ու խորոված կերել: Նույնը կատարվում է հիմա, ուղղակի ավելի վարպետորեն: Այս տարի նշելու եւս մեկ առիթ կա` դա Ախթալայի Սրբ. Աստվածածին եկեղեցու գմբեթի կառուցումն է: Այն դարեր շարունակ առանց գմբեթ է եղել»,- ասում է ռոք խմբի ղեկավար Անդրե Սիմոնյանը:
Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանն էլ հավաստիացրեց, որ եկեղեցու ոչ մի մասնիկ չի փոխվելու, իսկ գմբեթը ունենալու է իր հին տեսքը:
Խորովածի փառատոնին ելույթ են ունենալու ժողովրդական երգիչ- երգչուհիներ, «Սասնա ծռեր» համույթը, ընթացքում կկազմակերպվեն խաղեր, նկարիչների ու կավագործների ցուցահանդեսներ:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031