«Գովազդի մասին» օրենքում Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը սոցիալական գովազդի մասով շատ թերություններ է արձանագրել: Այսօր «Ելակետ» ակումբում նա ասաց, որ սոցիալական գովազդը պետք է տարածվեր անվճար ու լիներ առաջնային, բայց այն Հայաստանում հավասարեցված է առեւտրային գովազդին. «Օրենք չի խախտվում, պարզապես սոցիալական գովազդի մասով գովազդի մասին օրենքը բավականաչափ թերի է, չկա հստակ սահմանում, չկան մեխանիզմներ, թե ով է որոշելու տվյալ գովազդը սոցիալական է, թե՝ ոչ»: Ըստ նրա, սոցիալական գովազդը Հայաստանում եթեր դուրս գալու հնարավորություն չունի: Նրա տվյալներով, ԱՄՆ-ում տարեկան արտադրվում է 80 հազար թեմայով գովազդ՝ պետության ֆինանսավորմամբ : Ըստ նրա, Հայաստանում սոցիալական գովազդի զարգացումը ցածր մակարդակի վրա է, որովհետեւ սոցիալական խնդիրները գրեթե դուրս են մնացել պետության եւ հասարակության հայացքից: Պարոն Հարությունյանի խոսքերով, անցած տարի իրենք սոցիալական գովազդի հայեցակարգ են կառավարության հետ համատեղ մշակել, նախորդ դեկտեմբերին էլ կառավարությունն այն հաստատեց, բայց անհայտ պատճառներով հայեցակարգն այդպես էլ ԱԺ չմտավ: Նա պատմեց, որ այդ նույն հայեցակարգը իրենք առաջարկել են նաեւ Մոսկվային , ինչն էլ այնտեղ շատ արագ հաստատեցին ու հիմա էլ կիրառվում է: Ասուլիսին ներկա սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնի հաղորդակցման հարցերով պատասխանատու Մարիամ Մովսիսյանն էլ ասաց, որ սոցիալական գովազդի կիրառումը խրախուսելու նպատակով այս սեպտեմբերից առաջին անգամ սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնն է մեկնարկելու: Կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդները՝ անկախ մասնագիտությունից ու գովազդային ոլորտում ունեցած փորձից: Նրա խոսքերով, 5-օրյա դասընթացներին մասնակցելուց հետո մասնակիցները պետք է մրցույթին ներկայացնեն իրենց պատրաստած սոցիալական գովազդները, իսկ լավագույն գովազդն էլ եթեր կհեռարձակվի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ